Թարմացված․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել. «ՀԷՑ այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն, նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն, իսկ այդ ընթացքում նրանք կունենան համարժեք պայմաններով աշխատանք»: |
***
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով, թե ինչ է սպասվում ՀԷՑ-ի աշխատակիցներին «պետականացումից» հետո։
«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։
Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։
ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որեւէ խնդիր չեն ունենա։
Նրանք ովքեր առաջին երկու խմբերին չենթարկվելու համար հիմա կազտվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի»։
Հավելենք, որ «Հրապարակ» թերթն այսօր գրել էր. «Չնայած ՀԷՑ-ի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար: Նա, երկրի կառավարումը թողած, հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։
Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա: Հավակնորդների թվում է նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը՝ «Չինգո» մականունով։
Փաշինյանը չի ցանկանում «դրսից» մարդ նշանակել, որ էլցանցերի մոտ 7 հազար աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։
Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք` աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ, ԲԷՑ ՓԲԸ-ում՝ որպես մասնաճյուղի տնօրեն: 2018թ. եղել է ԲԷՑ ՓԲԸ գլխավոր տնօրենը, 2018-ից մինչեւ 2022թ. հուլիսի 21-ը՝ «Բիգ էներգո» ՍՊԸ-ի փոխտնօրենը, 2022թ. հուլիսին նշանակվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար: