▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր քարտի հետևանքը․․․Այո, այն ջարդեց մեր խաղը. Մելիքյան

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի հավաքականին (0:1):

Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Այո, կարմիր քարտը ջարդեց մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է: Իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է, ես որպես գլխավոր մարզիչ ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և ներողություն եմ խնդրում: Մեր երկրպագուն մեզնից ակնկալում էր միավորներ, իսկ մենք այս երկու խաղում չկարողացանք դրանք վաստակել ինչ-ինչ պատճառներով: Ներողություն եմ խնդրում, բայց ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար:

Խաղից հետո Տիգրան Բարսեղյանի հետ չեմ խոսել, խոսել եմ ընդհանուր թիմի հետ, շնորհակալություն եմ հայտնել իրենց նվիրվածության, պայքարի, միասնության համար: Նեգատիվ հարցերի շուրջ մենք կունենանք ժամանակ վերլուծելու և խոսելու: Այս պահին պետք է միասին լինել, ընդունել պարտությունը տղամարդավարի և շնորհավորել մրցակցին:

Շատ լավ պատրաստվել էինք, խաղից առաջ գիտեինք, որ մրցակցի մարզիչը կփոխի սխեման: Մենք հասցրինք արձագանքել, գտնել հակաթույնը: Վստահ եմ, որ մենք կարող էինք հաջողության հասնել 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով ես չվախեցա գնալ վա-բանկ և փոխեցի սխեման: Խաղի ընթացքում երեք անգամ փոխել եմ սխեման, ցանկանում էի իմ թիմին ինչ-որ մի բանով օգնել, մոտ էինք, որ արդյունքը լիներ այլ:

Բայց սա մեծ փորձ է և մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Կարևորը ոգին պահելն է, միասին լինելը և շարժվել առաջ»,- նշել է Մելիքյանը:

Այսպիսով, այս խաղից հետո Իռլանդիան տարավ իր առաջին հաղթանակը ընթացիկ որակավորման մրցաշարում: Հայաստանի հավաքականը 3 միավորով եզրափակում է F խումբը:

Մեր ընտրանին իր վերջին երկու հանդիպումները կանցկացնի նոյեմբերի 13-ին և 16-ին` համապատասխանաբար Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների հետ:

***

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարմիր քարտի հետևանքը

Իռլանդիա – Հայաստան հանդիպման ամենակարևոր ու բեկումնային պահը, իմ համոզմամբ, Տիգրան Բարսեղյանի ոչ ֆուտբոլային վարքագիծն ու դրան հաջորդած կարմիր քարտն էին։

Այդ միջադեպը կտրուկ փոխեց խաղի տրամաբանությունը․ հավաքականը մնաց մեկ խաղացողով պակաս, ստիպված եղավ կենտրոնանալ բացառապես պաշտպանական գործողությունների վրա և փաստացի հրաժարվեց հարձակման ցանկացած փորձից։

Սակայն ամենածանր հետևանքը հոգեբանական էր․ թիմը կորցրեց ինքնավստահությունը, իսկ մրցակիցը՝ զգալով իր առավելությունը, սկսեց լիովին թելադրել խաղի ընթացքն ու իր պայմանները։

Այս ամենը վկայում է ավելի խորքային խնդրի մասին․ վճռորոշ պահերին կարգապահության պակասը շարունակում է մեր հավաքականին զրկել արդյունքից։

Ունենք այն, ինչ ունենք. հավաքական՝ առանց լուրջ ամբիցիաների»:

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Սա ֆուտբոլ է ու ամեն ինչ պատահում է…
Տիգրան Բարսեղյանի սխալը ճակատագրական էր խաղի արդյունքի վրա, բայց պետք չէ շտապ գնահատականներ տալ, թե նա իրավունք չունի լինել հավաքականում։
Զիդանն էլ է աշխարհի առաջնության եզրափակչում կարմիր քարտ ստացել։
Իհարկե, Տիկոն թիմին «պադվադիտ» արեց, բայց կրկնում եմ՝ սա ֆուտբոլ է։
Հենրի Ավագյանը փայլուն խաղ ցուցադրեց։
Սպասենք «Հանրապետական»-ում Հունգարիայի դեմ խաղին։
Մերոնք կարող են հաղթել Հունգարիային։
Անկախ խաղի արդյունքից, Հայաստանի ազգային հավաքականն է իմ սրտի հավաքականը»։

***

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ազգային հավաքականը պարտություն կրեց:
Տիգրան Բարսեղյանը, որին վստահվել է ավագի թևկապը, ջարդեց խաղը:
Հայ հանրությունը սևեռվել է այս երկու ցավալի փաստի վրա: Այսպես, որոշ ժամանակ կքննարկենք պարտությունն ու Տիգրանի իրավամբ ոչ սպորտային պահվածքը... և կսպասենք նոր հաղթանակի ու հրաշքի:
Բայց, բարեկամներ, հաղթանակ մեկ ու մեջ կարող է լինել, իսկ հրաշք չի լինելու:
Մեզ միայն հետաքրքրում է ազգային թիմը: Բայց եթե ուզում ենք ազգային թիմի հաջողությունը, վստահաբար ուզում ենք, պետք է հասկանանք, թե.
ա/ ինչու է Իտալիայից պարտվել մեր երիտասարդական հավաքականը և ինչու է անվերջ պարտվում գրեթե բոլոր խաղերում և ինչու է վերջին հորիզոնականում,
բ/ ինչու է Կոսովոյից պարտվել մեր ավելի փոքր տարիքի հավաքականը և ինչու է անվերջ պարտվում գրեթե բոլոր խաղերում,
գ/ ինչու մենք չունենք և հույս էլ չկա, որ կունենանք ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտ,
դ/ ինչու պետությունը չի ֆինանսավորում մանկապատանեկան և ակումբային ֆուտբոլը,
ե/ ինչու մենք չունենք մարզադաշտեր Հայաստանի բոլոր քաղաքներում և խոշոր բնակավայրերում...
Շարքը կարելի է շարունակել:
Ու քանի դեռ այս շարքի կետերը անտեսվում են, մեր ազգային հավաքականից չպետք է հրաշք սպասել:
Անշուշտ, Եղիշե Մելիքյանի գալով, և դա ճիշտ նշանակում էր, հավաքականը ձեռագիր ունի: Վստահ եմ, որ նրան պետք է մի քանի տարի ժամանակ տալ: Բայց, միևնույնն է, մենք լուրջ հաջողություններ չենք ունենալու, քանի դեռ չենք ուզում առերեսվել հնարավոր հաջողությունների ճանապարհին առկա խնդիրների հետ և լուծումներ չենք առաջարկում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее