Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«Սիրո գործակից» ֆիլմն այնպիսի աղմուկ հանեց, տարածված լուսանկարներն ու Գարիկի «ռիժի» կերպարն այնքան հետաքրքիր էր, որ ես էլ անհամբեր սպասում էի ֆիլմի պրեմիերային։ Երեկ վերջապես գնացի ֆիլմը դիտելու և.... անկեղծ ասած շատ հիասթափվեցի։ Կարգին Հայկոյից ու իր թիմից այսպիսի վատ աշխատանք չէի սպասում։
Սցենար
Ամբողջ ֆիլմի ընթացքում ինձ մոտ տպավորություն էր, որ սցենարիստը «Սուպեր մամայի» տակ է մնացել։ Այս անգամ իրադրությունները փոխվել էին՝ ուղին ոչ. ինչպես «Սուպեր մամայի», այնպես էլ այս դեպքում գործում էր «փող-ավանտյուրա-սեր-մեղա գալ» կոնցեպտը։ Ի դեպ, ֆիլմը չափից ավելի կանխատեսելի էր. յուրաքանչյուր պահի դու գիտեիր, թե ինչ է լինելու հաջորդիվ, ինչը նույնիսկ ձանձրալի էր։
Կերպարներ
Ֆիլմի կերպարները վիզուալ ստացված էին, բայց շատ գրոտեսկային։ Ֆիլմի ամենալուսավոր կետը, թերևս, Գարիկն է. նրա հերոսն իսկապես լավ էր ստացվել և զավեշտալի էր։ Արմինե Պողոսյանի կերպարն էլ վիզուալ ծիծաղելի էր, սակայն չափից ավելի գրոտեսկային։ Էթերի Ոսկանյանը... ի՞նչ գործ ուներ այս ֆիլմում Էթերի Ոսկանյանը։ Որևէ մեկին վիրավորել ճեմ ուզում, բայց Էթերին ամբողջ ֆիլմի ընթացքում այդպես էլ դուր չեկավ իր «դրամատիկ» հերոսուհիների կերպարից ու մի պահ չէիր հասկանում՝ նրա սերիալային կերպարներից որին ես հետևում։ Իրեն բնորոշ սառը կերպարով ոչ մի կերպ չէր լուծվում այս ֆիլմում։
Տպավորություն էր, որ ֆիլմում իր տեղը չի գտել նաև «Կարգին» Հայկոն։ Ռոմանտիկ տղայի դեր խաղալու նրա փորձը կարելի է ձախողված համարել։
Ռոմանտիզմ
Ի դեպ, ռոմանտիզմի մասին։ Ֆիլմի ռոմանտիկ պահերն ամենազավեշտալի դրվագներն էին ստացվել, քանի որ չափից ավելի պարզունակ էին։ Երբ ֆիլմի ամենադրամատիկ պահն այն է, որ աղջիկն ասում է (կարդացեք Էթերիի ձայնով)՝ «Մայրս հիվանդ է, ես պետք է հաղթեմ, որպեսզի կարողանամ հոգալ նրա բուժման գումարը», հետո հիշում է, որ պետք է լինել ավելի պարզունակ ու ավելացնում՝ «Չգիտեմ՝ ինչու եմ քեզ սա պատմում» և տղան սիրահարվում է... Չէ, ասեք, որ սարսափելի էր մտածված։
Գռեհիկ հումոր
«Սուպեր մամայում» էլ կային գռեհիկ հումորներ, բայց այս մեկը գերազանցեց նախորդին։ Էժանագին հումորը գուցե պայթեցնի դահլիճը, բայց դա ուղղակի զզվելի է և իջեցնում է նշաձողը, որ ժամանակին ուներ կարգինի թիմը։
Աղմուկ
Ֆիլմի աղմուկը չափազանց շատ էր. թաղային հեղինակություն համարվող Աղվանն ամբողջ ֆիլմի ընթացքում այնքան գոռգոռաց, որ լիցքաթափվելու փոխարեն վերջում սարսափելի գլխացավ ունեի։