Արդեն մի քանի օր է, ինչ մեծ էկրաններին ցուցադրվում է «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը և պրոդյուսերը Մկրտիչ Արզումանյանն է: Asekose.am-ը կապ հաստատեց կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը ֆիլմի, դերասանների խաղի և ֆիլմում առկա հումորի վերաբերյալ:
Մկրտիչ Արզումանյանը՝ «կինոյի տղա»
Նախ պետք է հասկանալ, թե ինչ ժանրում է ֆիլմը և ըստ դրա՝ պետք է հասկանալ դերասանն ինչ ժանրում է հանդես գալիս, արդյոք դա արդարացված է, թե՝ ոչ այսինքն՝ նույն դերասանը մեկ ֆիլմում կարող է փայլել, իսկ մյուսում՝ ոչ: Հիմա մենք բոլորս շատ լավ գիտենք և երկար տարիներ էլ տեսել ենք, որ Մկրտիչ Արզումանյանն ունի կատակերգուի լայն դիապազոն, այսինքն՝ նա կոմեդիայի ժանրում կարող է տարբեր ենթաամպլուաների մեջ լինել: «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը, իմ կարծիքով, ավելի շատ մելոդրամատիկ կոմեդիա է, քան՝ իրավիճակային կատակերգություն, որին մենք ականատես ենք եղել իր և Հայկ Մարությանի մասնակցությամբ «Ալաբալանիցա» ֆիլմում: «Փախիր կամ ամուսնացիր»-ում Մկրտիչը պետք է սիրահարեցնի իրեն, այսինքն լինի «կինոյի տղա»: Այս առումով, այդ սրտակերի ամպլուան իրեն այդքան էլ չի սազում: Այս ֆիլմում ես չեմ տեսնում «քիմիա», որը որ պետք է լինի երկու գլխավոր դերակատարների միջև: Ինչ վերաբերում է ֆիլմի հումորային մասին, նշեմ, որ Մկրտիչ Արզումանյանը ծիծաղեցնում է մարդկանց, որովհետև նա դա անում է արդեն շատ երկար տարիներ և, հետևաբար, դրան նա արդեն վարժված է:
«Չ»դերասանուհի Իվետա Մուկուչյան, ով ֆիմում հանդես է գալիս որպես դերասանուհի
Իմ կարծիքով, «Փախիր կամ ամուսնացիր»-ում Իվետան այդքան էլ հեռու չէ ինքն իրենից: Նրա միմիկաները, դիմախաղը և ժեստերը շատ մոտ են իր անձնականին: Նա Գերմանիայից է, որտեղից է նաև ֆիլմում իր մարմնավորած հերոսուհին, ֆիլմի զվարճալի տեսարաններից մի քանիսում նա հայհոյում է գերմաներեն, ինչը, ապրելով Գերմանիայում, նա կարող է անել նաև իրական կյանքում: Ստացվում է, որ ինչ-որ անձնական տարրեր Իվետան իր հետ վերցրել է կինո: Այս ֆիլմում Իվետան շատ մոտ է իր իրական կերպարին, քան մեր մյուս դերասանուհիները, ովքեր ֆիլմերում դառնում են զուտ «պուպուշ աղջիկ»: Այստեղ Իվետան այդպիսին չէ, ինչն ավելի բնական է դարձնում իր մարմնավորած հերոսուհուն:
Հավանական է, որ այն հանդիսատեսը, որը որ հավանել է «Սիրո գործակից» ֆիլը, չհավանի «Փախիր կամ ամուսնացիր»-ը
Շատ դերասաններ կան, ովքեր որ տարիներ շարունակ միասին են հանդես եկել, և ըստ դրա՝ հասարակությունն էլ է սովորում նրանց միասին տեսնել: Սակայն սա չի նշանակում, որ նրանք ամբողջ կյանքում պետք է միասին լինեն: Պետք է ընդամենը հասկանալ, որ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը հումորի տեսանկյունից ուրիշ հոգեբանություն ունի, այստեղ գերակշռողը տեքստային հումորն է, իսկ, օրինակ, «Սիրո գործակից» ֆիլմում կան շատ գռոտեսկային իրավիճակներ և տեսարաններ: Պետք է գիտակցել, որ կարող են լինել տարբեր հումորներ, կոմեդիայի տարբեր ենթաժանրեր: Այդ իսկ պատճառով սխալ կլինի համեմատություններ անցկացել: Շատ հավանական է, որ այն հանդիսատեսը, որը որ հավանել է «Սիրո գործակից» ֆիլը, չհավանի «Փախիր կամ ամուսնացիր»-ը կամ հակառակը, որովհետև հումորն ինքնին նուրբ բան է, ինչը կախված է մարդու մենթալիտետից: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե ով է քո թիրախային խումբը: Գուցե Մկրտիչ Արզումանյանը որոշել է այս անգամ ուրիշ թիրախային խմբի վրա աշխատել, այլ ոչ թե այն խմբի, որը որ նայել է «Կարգին հաղորդում»-ը կամ հավանել է «Սիրո Գործակից» ֆիլմը, քանի որ տարբերությունը զգալի է:
Չեմ հիասթափվել Մկոյից
Միանշանակ, որպես դերասան չեմ հիասթափվել Մկրտիչ Արզումանյանից, բայց, կարծում եմ, որ սա իր լավագույն դերը չէ: Նա կարող է ավելին անել, եթե, օրինակ, լինի ավելի հետաքրքիր սցենար և այլ խնդիրներ դրված լինեն նրա առջև որպես դերասանի: «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում կերտած իր կերպարով մենք իրեն արդեն տեսել ենք, պարզապես տվյալ դեպքում այն ավելի ռոմանտիկ է: Մնում է սպասել և տեսնել, թե արդյո՞ք այս ռոմանտիկ թեքումը Մկրտիչը մինչև վերջ է տանելու, թե լինելու է զուտ այն Մկոն, ում մենք միշտ տեսել ենք:
Հանդիսատեսը տուժե՞ց, թե՝ ոչ...
Բարդ է ասել՝ արդյո՞ք հանդիսատեսը տուժեց Հայկո, Մկո զույգի բաժանումից, քանի որ նրանք միասին այլևս «Կարգին հաղորդում» չէին նկարահանում, այսինքն՝ մենք չգիտեինք, թե նրանք էլ ինչ էին անելու: Կարծում եմ, որ եթե իրենք առանձին տարբեր բաներ են անելու, դրանից շահելու է միայն հայկական կինոմատոգրաֆիան, որովհետև մեզ պետք են բազմազան, միմյանցից էականորեն տարբերվող կոմեդիաներ: Ինձ թվում է՝ մենք հոգնել ենք նույնությունից: Խնդիրը նրանում է, որ մենք պետք է հասկանանք, թե հետագայում և Հայկ Մարությանը, և Մկրտիչ Արզումանյանն ինչ են անելու: Միանշանակ, «Կարգին հաղորդում»-ն ավելի հաջողված էր, քան նրանց երկուսի ֆիլմերը, որովհետև այն գրեթե 10 տարի եթերում էր: Այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս ֆիլմերը մենք մի քանի անգամ կվերանայենք, ինչպես որ «Կարգին հաղորդում»-ը, թե՝ ոչ: Այս մասին, դեռ շատ շուտ է ինչ-որ մի բան ասել:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան