Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում բնակվող մեր հայրենակցուհի Մարիա Սարկիսյանը համարվում է Ռուսաստանի ամենաերիտասարդ դիզայները:
Բոլորովին վերջերս ավարտելով դպրոցը, նա արդեն պատրաստել է հագուստի իր առաջին հավաքածուն` «Code of dream» անվամբ, որի ցուցադրությունը կայացել է դեռ անցյալ տարի:
Մարիան ունի իր սեփական երազանքի գաղտնի կոդը՝ աղջիկը պետք է գեղեցիկ լինի, ինչպես երազանքը, ռոմանտիկ և կանացի: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ դիզայների հետ:
- Որո՞նք են Ձեր առաջին հիշողությունները` կապված նորաձևության հետ, և ի՞նչը պատճառ հանդիսացավ Ձեր սեփական նորաձևության տան հիմնադրման համար:
-Նորաձևությամբ հետաքրքրվել եմ դեռ վաղ տարիքից: Մայրիկիս խոսքերով` յուրաքանչյուր զգեստի ընտրությանը յուրահատուկ լուրջ մոտեցում եմ ցուցաբերել, քանի որ, լինելով դեռ երեխա, մեծ նշանակություն եմ տվել իմ արտաքին տեսքին:
-Հե՞շտ է այսօր դիզայներ դառնալ:
-Միանշանակ` ոչ: Սակայն ցանկության և նպատակասլացության դեպքում ամեն ինչ կստացվի: Կարևորը մեծ ցանկոթյուն ունենալն է ու շատ աշխատելը:
-Ինչպե՞ս է սկսվում յուրաքանչյուր հավաքածուի հետ Ձեր աշխատանքը:
-Այն ես սկսում եմ գործվածքի դիզայնի մշակումով` նրա կառուցվածքով, գունային գամմայով, իմաստային լեցունությամբ: Իմ յուրաքանչյուր հավաքածուն առաջին հերթին ինքնաարտահայտում է, ոըը ես ուզում եմ հասցնել գնորդին ու դիտորդին:
- Ո՞րն է ըստ Ձեզ հաջողության գաղտնիքը:
-Հաջողության գաղտնիքը բոլորովին գաղտնիք չէ: Դա սկզբնական փուլի վերլուծական աշխատանք է, նախագծի պատրաստումն ու իմաստավորումն է և աշխատել, աշխատել և կրկին աշխատելն է: Ես կարծում եմ, որ կարևոր չէ, թե որքան արագ ես շարժվում դեպի քո նպատակը, կարևոր է` կանգ չառնել:
-Երբևէ մտածե՞լ եք հայրենիքում Ձեր աշխատանքները ներկայացնելու մասին:
-Նման ցանկություն ունեմ, բայց այս պահին այդ առումով ոչ մի աշխատանք չի կատարվում: Ինձ համար հաճելի կլինի` հայրենիքում ևս ճանաչված լինել: Հուսամ` մոտ ապագայում դա ևս կլինի:
Հեղինակ` Անի Հարությունյան