Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը ոռոգելի որոշ հողատարածքների չօգտագործման խնդրի վերաբերյալ էր: «Վերհանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտավայրում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,-նշել է վարչապետը։ Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է 1-ամսյա ժամկետում տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության նախարարներին, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։ «Կարծում եմ՝ սա խնդիր է, որովհետև մենք ջանքեր ենք գործադրում, միջոցներ ծախսում, որպեսզի ոռոգելի հողատարածքներն ավելացնենք, սակայն ունենք ոռոգելի հողատարածքներ, որոնք ընդհանրապես չեն մասնակցում այս գործընթացին»,-նշել է Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև՝ Սահմանվել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը
Վարչապետի ևս երկու հանձնարարականի մասին ՝ ստորև.
Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր լիարժեք չօգտագործվող պետական անշարժ գույքերին: «Պետական գույքի կառավարման վարչության կողմիցգույքագրվել է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին ամրացված անշարժ գույքը, որոնց մի մասը փաստացի չի օգտագործվում կամ օգտագործվում է ոչ արդյունավետ և մասնակի։ Միաժամանակ այդ գույքի սպասարկման և պահպանման ծախսերը հիմնականում իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Այդ իսկ պատճառով նման տեսակի գույքը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ՝ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,-նշել է կառավարության ղեկավարը։
Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին 1- ամսյա ժամկետում գույքագրել և պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել պետական, համայնքային, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմնի ենթակայության՝ պետական ոչ առևտրային և այլ կազմակերպություններին օգտագործման իրավունքով ամրացված այն անշարժ գույքի ցանկերը, որոնք մինչ օրս չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ լիարժեք: Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում ամփոփել 1-ին կետով ներկայացված տեղեկատվությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ ներկայացված գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով՝ օգտագործման տրամադրման կամ դրանց օտարման գործընթացի նախաձեռնման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը մարզերի և քաղաքների խորհրդանիշների վերաբերյալ էր: «Հայաստանի Հանրապետության մարզերը և համայնքները համապատասխան որոշումներով ընդունում են իրենց խորհրդանիշները։ Գործող օրենսդրությամբ սահմանված չեն նման խորհրդանիշների մշակման ընդհանուր, միասնական պահանջներ, որոնց արդյունքում խորհրդանիշներն իրենց կառուցվածքով ու կարգավիճակով կհամապատասխանեն գործնականում ձևավորված և ընդունված կանոններին։ Ներկայումս դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,-նշել է վարչապետը և հանձնարարել մշակույթի նախարարին և մարզպետներին՝ 2-ամյսա ժամկետում շահագրգիռ մարմինների, ինչպես նաև գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի և քաղաքների խորհրդանիշների, ձևաթղթերի և անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման և դրանք տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ։