▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը հիշում է

«Արմենպրես»-ի «Հերոսի ծնողները» նախագիծն այս անգամ ներկայացրել է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրիկին՝ Համեստ Ներսիսյանին:

Տիկին Համեստին առաջին անգամ չէ, որ տեսնում էի. միջոցառումների ժամանակ հաճախ էի հանդիպում, մտովի կառուցում էի նրա կերպարը ու փաստորեն, չէի սխալվում: Ինձ համար արտաքինից բավականին խիստ թվացող տիկին Համեստը ներքուստ շատ փխրուն ու բարի է, փխրուն, բայց միեւնույն ժամանակ կյանքի պայքարում չնահանջող. Արմենակ Ուրֆանյանի մայրը, հավանաբար, այսպիսին էլ պիտի լիներ:

Ինչ էլ պատմում էր, միայն ժպիտով, ասում է՝ Արմենի թողածը միայն լուսավոր հիշողություններն են որդու մանկության, դպրոցական տարիների, ռազմական ուղով շարժվելու որոշման, բանակին ու իր զինվորներին անչափ նվիրվելու, ի վերջո առաջին սիրո մասին:

«Հիմա, որ հետ եմ նայում, մտածում եմ՝ կարծես նրան բերած լինեմ հենց հայրենիքի համար. հունվարի 28-ին էլ ծնվեց»:

Արմենակի ծնվելուց հետո ընտանիքը մե՛կ հայրենիքում է եղել, մե՛կ Ռուսաստանում է փորձել մշտական բնակություն հաստատել, բայց երեխաները նախընտրել էին Հայաստանը: Տիկին Համեստի խոսքով՝ նրանց համար հայրենիքում ապրելն ազատություն նման մի բան էր:

«Արմենս շատ ակտիվ էր, բայց միեւնույն ժամանակ լսող: Դեռ դպրոց չէին գնում, տեղափոխվեցինք Ռուսաստան, մի քիչ մնացինք, բայց ամեն ամառ երեխաներին Հայաստան էի բերում տատիկի մոտ: Զգում էի, որ Ռուսաստանին դժվարությամբ են հարմարվում, հայրենիքը ձգում էր:  Մի պահ նորից վերադարձանք Հայաստան, կարճ ժամանակ դպրոց գնաց այստեղ, բայց հետո էլի տեղափոխվեցինք Ռուսաստան: Դե հայ ենք, երեխաներ են, անընդհատ հեռուստացույցով  տեսնում էին, լսում պատերազմի մասին, հարցեր էին տալիս, մեկ-մեկ էլ պառկում էինք իրար հետ՝ ես ու երկու եղբայր, սկսում էի պատմել արցախյան դեպքերի մասին, նրանց այդ պատմությունները հետաքրքիր էին»:

Արմենակի համար ոչ միայն պատմություններն էին, փաստորեն, հետաքրքիր, այլեւ հենց ռազմական ոլորտը. մի քանի անգամ Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով անցնելիս մտածել ու բարձրաձայնել էր՝ մի օր անպայման գեներալ է դառնալու:

«Վազգեն Սարգսյանով էր միշտ հիանում՝ որպես իսկական հայի կերպար: Մենք դեմ չէինք, որ ռազմական ուղով առաջ գնա, բայց ասացի՝ Արմեն ջան, եթե ծառայելու ես, գնա Հայաստան, քո հայրենիքում ծառայի, բայց ով իմանար, որ 25 տարի այսպիսի վիճակ է: Ի վերջո, ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ. սկզբնական շրջանում մենք Արմենիս հետ չէինք, մենակ եկավ, այստեղ՝ մորս մոտ էր մնում: Փոքր եղբայրն էլ չդիմացավ, ասաց՝ էլ չեմ մնում, եկեք գնանք Հայաստան: Բոլորով վերադարձանք»:

Սենյակի պատերին Արմենակի՝ տարբեր ժամանակներում արված նկարներն էին, զինվորական համազգեստները, շքանշանները, պատվոգրերը, մատյաններ հերոսի կատարած գրառումներով եւ նրա զենքի կտորները: Տիկին Համեստն ասում է՝ այնտեղ, որտեղ հիմա որդու համազգեստներն են, մի ժամանակ կախված էին նրա մեդալները, որոնց հերոսն արժանացել էր սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Ամեն մրցույթից առաջ մարտական էր տրամադրվում, նախքան գնալը տատիկին ասում էր՝ մեխը խփի, գալիս եմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее