Այսօր աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը (World Teachers’ Day): 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Ուսուցչի օրը նշելու համար պատմական նախապայման հանդիսացավ 1966թ-ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ուսուցիչների կարգավիճակի մասին Հատուկ միջկառավարական կոնֆերանսը («Հատուկ միջկառավարական կոնֆերանս ուսուցչի կարգավիճակի մասին»): Կոնֆերանսի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ստորագրեցին «Ուսուցչի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարականները» փաստաթուղթը:
«Ասել, որ Հայաստանում ուսուցիչը գնահատված է՝ ճիշտ չի լինի: Հասարակությունը փոխվել է: Պետության, ուսուցչի միջև էլ անջրպետ է առաջացել: Կառավարությունը կարծես թե չի հասկանում, որ ուսուցիչն էլ ունի խնդիրներ ու սոցիալական նման պայմաններում չի կարող այնպիսի դասավանդում ապահովել, որը բարձր գիտելիքներ ու ճիշտ դաստիարակություն կտա: Ծիծաղելի է այն աշխատավարձը, որը ստանում են»,-լարգրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ուսուցչուհի Գայանե Բերոյանը:
Շարունակելով նրա խոսքը՝ «Օլիմպոս» կրթահամալիրի ավագ դպրոցի ուսուցչուհի Նարինե Գալստյանը հավելեց.
«Ուսուցչին այսօր բաժին են ընկել դժվար ժամանակներն ու դժվար սերունդը: Կարծում եմ՝ ուսուցիչը դպրոց չպետք է բերի իր հոգսերը, խնդիրները: Նա պետք է արժանի լինի իր կոչմանը»:
Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ խաչատրյանն էլ անդրադարձավ ուսուցիչների խնդիրներին, որոնք, նրա խոսքով՝ բազմաթիվ են.
«Շատ տարիներ առաջ ուսուցիչը հստակ հասկանում էր՝ իրենից ինչ են պահանջում: Անորոշությունն այսօր դժվարեցնում է նրանց աշխատանքը: Ուսուցիչը կարծես մեկուսացած է: Քանի՞սն են այսօր գնում վերապատրաստման, քանի՞սն են օգտվում սոցիալական փաթեթից: Գիտենք, 5 տարին մեկ պետք է վերապատրաստվեն, բայց, եթե գյուղի դպրոցում աշխարհագրության մեկ ուսուցիչ կա, նա չի գնա: Այսինքն, շփվելու, հաղորդակցվելու հնարավորություն չունի: 10 տարվա ընթացքում ուսուցչի աշխատավարձը չնչին փոփոխությունների է ենթարկվել: Ավելին՝ կուտակային կենսաթոշակի, աշակերտների թվի նվազման պատճառով ստացած գումարն էլ պակասում է: 3 տարի է՝ ավագ դպրոցի ուսուցիչները հսկայական ժամեր են կորցնում»,-ընդգծեց Սերոբ խաչատրյանը:
Հարցին՝ ինչպե՞ս են ուսուցիչները լեզու գտնում ներկայիս սերնդի հետ, ի՞նչ մեթոդներ են կիրառում, Գայանե Բերոյանը պատասխանեց, որ դժվար է հատկապես ավագ դպրոցի աշակերտների հետ:
«Երբ որ դու հիմնական դպրոցում ես աշխատում, երեխային աճեցնում, հասցնում ես ավագ դպրոց, նա կարծես արդեն քո զավակը լինի: Հարգանք, սեր ու արժևորում կա, իսկ, երբ նոր աշակերտ է գալիս, փորձում ես առաջին հերթին հասկանալ նրանց: Տարբեր դաստիարակություն, կրթական մակարդակ ունեցող երեխաներ են գալիս ավագ դպրոց, որոնց նոր ես ճանաչելու: Տեսե՛ք, թե որքան ջանք ու եռանդ է պետք՝ բացը լրացնելու համար: Մեկ ամիս է՝ նոր աշակերտներ ենք ընդունել դպրոց ու բազում խնդիրներ կան: Փորձում ենք և՛ առանձին, և՛ մեղմ տոնով զրուցել նրանց հետ: Ցավոք, այսօրվա աշակերտը չի կարևորում ուսումը: Բջջային հեռախոսները նրանց շատ են խանգարում»:
Նարինե Գալստյանն էլ նկատեց.
«Այսօրվա սերունդը նախորդներից շատ է տարբերվում: Մտածելակերպի, հոգեբանության ու պահանջների տարբերություն կա: Ամեն դեպքում, որպեսզի ուսուցչի ու աշակերտի աշխատանքը երևա, մենք երևի ժամանակի հետ պետք է քայլենք»:
Իսկ, թե ինչպե՞ս են վերաբերում ուսուցչի ապտակին հարցին կես կատակ, կես լուրջ պատասխանեցին՝ «Մայրական ապտակը միշտ էլ սթափեցնող է»:
Անի Կարապետյան


