Մարդկանց շարունակում է մտահոգել մսի, կարագի ու առաջին անհրաժեշտության ապրանքների գնի բարձրացումը:
«Բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են հարկային օրենսգրքի փոփոխության պատճառով, քանի որ բեզնզինի վրա ավելացել է ակցիզային հարկը, իսկ դիզելային վառելանյութի վրա՝ ավելացված արժեքի հարկը: Բենզինը 20, դիզելային վառելանյութը՝ 60, սեղմված գազը 20-25 դրամով բարձրացել է: Երբ ընդունվում էր Հարկային օրենսգիրքը, այն ժամանակ ասում էինք, որ պետք է այնպիսի քաղաքականություն տանել, որ խնդիրների առջև չկանգնենք: Տարեցտարի բենզինի իրացման ծավալները նվազում են: Եթե 20 տարի առաջ 350-360 հազ., տոննա բենզին էինք իրացնում, հիմա 123.000 է ու գնալով նվազելու է, բենզինը դառնալու է ճոխության առարկա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է մսի գնի բարձրացմանը, ապա դրա պատճառը, Վազգեն Սաֆարյանի փոխանցմամբ՝ մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն էլ հետաքրքվեց, թե ի՞նչ են անում ու ե՞րբ են ինչ-որ բան անելու սպառողի համար, չէ՞ որ նա է տուժում:
«Օրինակ, ինչո՞ւ ենք Նոր Զելանդիայից կարագ բերում, եթե կարող ենք Ռուսաստանից բերել: Այս տարի միայն Նոր Զելանդիայում է կարագը թանկացել, բայց ոչ մյուս երկրներում»,-նկատեց Մելիտա Հակոբյանը:
Asekose.am-ի թղթակցի հարցին՝ բանախոսները տեղյա՞կ են, որ համաձայն որոշ լուրերի՝ Հայաստան կարագը բերվում է ոչ թե Նոր Զելանդիայից, այլ Վրաստանում գտնվող համապատասխան գործարանից, Մելիտա Հակոբյանը պատասխանեց.
«Ես նման տեղեկություն չունեմ: 15-17 տարի առաջ, երբ որ խոսում էինք կարագի մասին, մենք գիտեինք, որ արտերկրից կարագը բերում, այստեղ ջրով բացում էին ու քիչ յուղայնությամբ բարձրի յուղայնություն ունեցողի անվան ներքո վաճառում էին: Դրա մասին իմացել ենք, այդ գործարանը տեսել ենք: Ես չեմ եղել Վրաստանում, տվյալներ չունեմ, բայց հնարավոր է: Զարգացած երկրները, ինչպիսին Գերմանիան է, օրինակ Թուրքիայում ունեն գործարաններ»:
Վազգեն Սաֆարյանը նույնպես չէր լսել:
«Առաջին անգամ եմ լսում նման բան, բայց չեմ բացառում»,-ասաց նա:
Անի Կարապետյան


