Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Լիլի Էլբակյանին վերջին շրջանում էկրաններին հազվադեպ կարելի է տեսնել, նա այդ փաստը կապում է ժամանակին իր հաճախակի մերժումների հետ.
«Երեխաներս դեռ փոքր են ու ես էլ ցանկանում եմ իրենց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, որպեսզի հանկարծ ու հանկարծ իմ կարիքը չզգան: Հատկապես, երբ որդիս նոր էր ծնվել, ողջ ուշադրությունս նրան էր ուղղված (դե աղջիկս արդեն համեմատաբար մեծ է), այդ է պատճառը, որ թատրոնի եւ դասավանդման աշխատանքիս զուգահեռ հազվադեպ եմ նկարահանումների առաջարկներն ընդունում: Իսկ հիմա, կարծում եմ, անընդհատ մերժումներից հետո պակասել են առաջարկները, հավանաբար շատերը կարծում են՝ կրկին կմերժեմ: Ինչ խոսք՝ հետաքրքիր առաջարկներ ունենալու դեպքում սիրով կհամաձայնեմ»,- նշեց Լիլի Էլբակյանը:
Խոսելով սերիալներում նկարահանվելու ծրագրերի մասին՝ Լիլի Էլբակյանը նախ պատեց. «Վերջերս մի առաջարկ ստացա սերիալներից մեկի կողմից ու մերժեցի, իսկ հիմա էլ ավելի ուրախ եմ մերժելուս համար,- ապա հավելեց,- իհարկե, լավ ու ինձ համար ամեն առումով հարմար առաջարկ ստանալու դեպքում սիրով կհամաձայնվեմ»:
Դերասանուհին առաջարկներն ընդունելու հարցում իր սկզբունքներն ունի. «Առաջ ամեն ինչ էի մերժում, իսկ հիմա մտածում եմ, որ կան դերեր, որոնք այս տարիքում չմարմնավորելու դեպքում գուցե այլեւս չկարողանամ: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ տվյալ գործը ստեղծագործական հետաքրքիր աշխատանք է, պետք է հասկանամ, որ «գրդոն» չի լինելու: Եթե հասկանում ես, որ այդ գործն ուղղակի «խնդալու» համար է, այլ ոչ թե ծիծաղելու, ուրեմն չարժե մասնակցել: Իհարկե, կարեւոր է նաեւ գումարային կողմը, եթե ինձ առաջարկում են գումար, որի արդյունքում ես ժամանակ եմ վատնելու, իսկ վաստակած գումարն էլ ծախսվելու է միայն դայակ վարձելու վրա, ուրեմն ավելի նպատակահարմար է չմասնակցել, այսինքն՝ պետք է փոխադարձ շահավետ լինի համագործակցությունը: Մենք սովորել ենք, որ պետք է ստեղծագործենք հանուն արվեստի, այլ ոչ թե հանուն փողի, թեպետ դերասաններն էլ պետք է ապրեն, արդյունքում առաջանում է երկու ծայրահեղություն: Գումարի իմաստով էլ դերասանը պետք է իմանա իր գինը, բայց եւ պատրաստ լինի լավ աշխատանքում խաղալու համար գնալ զիջումների. իհարկե խոսքը կինոարտադրության մասին է, այլ ոչ թե թատրոնի. Թատրոնում պատրաստ եմ անգամ անվճար աշխատել»,- պատմեց դերասանուհին ու հավելեց.
«Այսօր անկախ մասնագիտությունից բոլորը ցանկանում են հայտնի դառնալ, աստղ դառնալու մոլուցքը գրավել է շատերին ու իրականում էլ շատ դժվար է դիմակայել այդ գայթակղությանը: Գուցե ես այդ խնդիրը չունեմ, որովհետեւ ծնվել եմ հայտնի դերասանների ընտանիքում ու անկախ ինձնից ինչ-որ չափով հայտնի եմ եղել հենց սկզբից: Մի անգամ ամուսնուս հետ քննարկելիս ասացի՝ կենդանաբանական այգում ամենաշատը ո՞ւմ վանդակի շուրջ են մարդիկ հավաքվում՝ կապիկի, իսկ կապիկ լինելը դեռ արվեստ չէ»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում