«ՀՀ բոլոր բնակավայրերը, ինչպես նաև Երևանը, անպաշտպան են բնության ռիսկերի նկատմամբ: Հատկապես կլիմայի փոփոխության պայմաններում կա սելավների, ջրհեղեղի վտանգ: Տարիներ ի վեր պայքարեցինք, որ գոնե Գետառի կենտրոնական հատվածը չփակվի, սակայն ապարդյուն:
Ավան-Առինջում էլ կառուցված 2 սելավընդունիչներն էլ կիսով չափ կառուցապատվեցին, կիսով չափ էլ աղբով լցվեցին: Եվ պատահական չէ, որ ուժեղ անձրևների դեպքում ստորգետնյա բոլոր անցումները ջրի տակ են անցնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա փոխանցմամբ՝ հանդիպել են Բնապահպանության նախարարության հետ, որոշել են նամակ գրել Կառավարությանը, որպեսզի ստեղծվի աշխատանքային հանձնաժողով, մշակել ծրագիր՝ միջոցառումներ ձեռնարկելու համար, որպեսզի դիմակայենք ձնհալին:
«Աստված տա, որ վտանգը փոքր լինի, ջերմաստիճանը միանգամից չբարձրանա, թե չէ ձյունը հալչելով՝ վերևից իջնելու է քաղաքի վրա»,-ընդգծեց բնապահպանը:
Ջրաօդերևութաբան Թրահել Վարդանյանի խոսքով էլ՝ ջրհեղեղի կամ սելավի առաջացման համար պետք է նվազագույնը 3 պայման լինի.
«Առաջինը ձնածածկույթի շատ լինելն է, որը ունենք, երկրորդը ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, ասենք՝ 5-10 աստիճան, երրորդը հորդառատ անձրևներն են, որոնք առաջացնում են ջրհեղեղ: Վերջին 2-ը կանխատեսել անհնար է, բայց հավանական է»,-նշեց Թրահել Վարդանյանը:
Անի Կարապետյան


