Հարցազրույց՝ «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակից Եվա Եգանյանի հետ:
Ունես կոմպոզիտորի մասնագիտություն, սակայն լուրջ քայլեր ես անում ժող. երգի ասպարեզում, ժանրը հոգեհարազա՞տ է , թե՞:
Այո, ես ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: Ունեմ բազմաթիվ ստեղծագործություններ և այժմ էլ ստեղծագործում եմ, սակայն երգում եմ մանկուց: Սկզբում դասական, հետո էստրադային, ավելի ուշ` ժողովրդական: Ժանրը շատ հարազատ է ինձ: Ես հայ եմ և իմ արյան մեջ հայկական մաքրամաքուր երաժշտությունն է:
Սկսեցիր «Ժողովրդական երգիչ» նախագծից, բայց վերջին շրջանում բավականին ակտիվ ես որպես անհատ կատարող, անընդհատ ներկայանում ես նոր տեսահոլովակներով:
«Ժողովրդական երգիչ» նախագիծը հիմքն էր իմ մեծ բեմի, լայն լսարանի, սակայն չեմ սահմանափակվել միայն դրանով: Նախագծից հետո մասնակցել եմ շատ համերգների թե' Հայաստանում, թե' Հայաստանի սահմաններից դուրս: 2013 թվականից աշխատանքի եմ անցել «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում» որպես մեներգչուհի: Այժմ իմ 3 տեսահոլովակների կողքին ավելացել է նաև 1-ը Շերամի` «Սերից էրված» երգը:
Ո՞ւմ հետ ես համագործակցում, պարտադի՞ր է, որ գործընկերներդ հայտնի մասնագետներ լինեն:
Կարևոր չէ հայտնիությունը, կարևորը պրոֆեսիոնալիզմն է, իսկ իմ կողքին և' հայտնիներ, և' պրոֆոսիոնալներ են միշտ լինում: Երգս գործիքավորել է Խաչիկ Սահակյանը: Նվագել են պրոֆեսիոնալ երաժիշտներ, իսկ երգչախմբի հատվածում երգել են պրոֆեսիոնալ երգիչներ: Երգն ի սկզբանե նախատեսված էր տեղ գտնելու իմ ձայնասկավառակի մեջ, բայց երգի վերջնական տարբերակը լսելուն պես որոշեցի որ անպայման նկարահանվի տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն է Վասիլ Շահբազյանը: Շնորհակալ եմ այն մեծ թիմին, որի հետ ես աշխատեցի:
Նկատել եմ, որ երգերդ ներկայացնում ես ժամանակակից գործիքավորմամբ, ենթադրում եմ՝ դա հատուկ ես անում, որպեսզի երկտասարդությանն ավելի լսելի լինի:
Բոլոր երգերը չեն, որ թույլ են տալիս գործիքավորել ժամանակակից մոտեցմամբ: Կան երգեր, որոնք պետք է ուղղորդվեն միայն ժողովրդական նվագարանների ուղեկցությամբ: Բայց նաև կան երգեր, որոնք հնարավորություն են տալիս գործիքավորել նորովի, ժամանակակից մոտեցմամբ` չդիպչելով, չաղավաղելով երգի բուն մեղեդին:
Առայժմ սահմանափակվում ես միայն տեսահոլովակներով, թե նաև հանդես ես գալիս համերգային ծրագրերով:
Երբեք չեմ սահմանափակվել կամ սահմանափակվի որևէ նոր աշխատանքով: Առաջիկայում կան համերգներ, կթողարկվի իմ 1-ին ձայնասկավառակը, կան պլաններ կապված նաև նոր տեսահոլովակի հետ: Անպայման կունենամ մենահամերգ, սակայն կոնկրետ ժամկետ չեմ ուզում նշել:
Հեղինակ՝ Լ.Արշակյան