▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք մահվան եզրին, պետք է կռվենք թուրքի դեմ

Մոտենում է հայոց պատմության ամենամեծ տոներից մեկը՝ Մայիսի 28-ը: Պատմաբան  Էդիկ Մինասյանի բնորոշմամբ՝ այն անկախ պետականության հրաշքն էր.

«Հերոսամարտերը մեր պատմության մեջ նոր փուլ բացեցին: Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովուրդը գաղթականների մեծ հոսքով մի կերպ Արարատյան դաշտ էր հասել, իսկ թուրք հրոսակները շարունակում էին պանթյուրքիստական ծրագիրը նաև արևելյան Հայաստանում իրագործել: Սակայն, հուսալքված մեր ժողոուրդն իր մեջ ուժ գտավ և կարողացավ դիմագրավել անարգ թշնամուն ու փայլուն հաղթանակ տանել: Սա հայրենական պատերազմ էր, որի նշանաբանը միասնությունն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը՝ հավելելով.

«Բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, հուշեր են պահպանվել, այդ թվում կաթողիկոս Գևորգի հայտնի խոսքերը: Նա հրաժարվել էր Սևանի վանք տեղափոխվել՝ ասելով. «Ես Էջմիածնից որևէ տեղ չեմ գնա, եթե կգան՝ թող անցնեն իմ դիակի վրայով»: Մեծ դեր խաղաց նաև Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ, ռազմական գործիչ, ազգային հերոս Մովսես Սիլիկյանի կոչը: Նա հայտարարեց. «Ժողովո՛ւրդ, մենք կանգնած ենք  մահվան եզրին, ուրիշ ելք չկա, պետք է կռվենք թուրքի դեմ: Սա գոյապայքար է»: Սա շատ ոգևորիչ էր: Ժողովուրդը համախմբվեց ու պայքարի դուրս եկավ ու մայիսի 28-ին կարողացան հետ շպրտել թուրքին»:

Նրա խոսքով՝ մայիսյան հերոսամարտերը նոր ուժով ազգային ազատագրական պայքարի ծավալման հիմքը հանդիսացան:

Նշենք, որ Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992թ.-ից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее