Հիմնադիր խորհրդարանի մամոլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՊՊԾ ԳՆԴԻ ԽՐՈՆԻԿԱ ՇԱՐՔԻՑ
Պատմությունը, որ պատմելու եմ ձեզ, լսել եմ անձամբ Հացբերող Արթուր Սարգսյանից։ Նույն պատմությունը, առանց մեկ տառ անգամ տարբերության պատմել է ինձ Սասնա Ծռեր խմբավորման շտաբի պետ Մխիթար Ավետիսյանը իր նամակում դեռ ամիսներ առաջ, երբ Արթուրը կենդանի էր։ Ինչու որոշեցի հենց այս պատմությունը ներկայացնել ձեզ, որովհետև տխրահռչակ լրատվականները իրականությանը չհամապատասխանող պատմություններ են ներկայացնում։ Ինչպես այսօր, երբ գրում են հացի մեջ գտնված ԺՈՒՉՈԿԻ մասին։
---------------------------------------------------
Արթուր Սարգսյանի պատմածը
Բժիշկները եկան, բայց չգիտես ինչու առանց իրենց բժշկական անհրաժեշտ պարագաներով ճամպրուկի։ Ճամպրուկը ավելի ուշ բերեցին, հանձնեցին։ Հենց դա էլ կասկած հարուցեց։ Բուժկետում էինք։ Տղաները կողքիս էին։ Բժիշկ Նորոյի ներկայությամբ բացեցի պայուսակը։ Այնտեղ տեսա ծխախոտի տուփ։ Բժիշկն ասաց, որ իրենն է։ Վերցրեցի տուփը, որ զննեմ, մեջը 7 հատիկ էր ընդամենը։ Տուփի մեջ հայտնաբերեցի ժուչոկը։ Ասացի, որ կարծում եմ ճամպրուկի տակի հատվածում էլի ժուչոկներ կան, թեև գործարանային կարի էր նման։ Մխիթարն ասաց քանդիր։
Բժիշկները ոչինչ չէին ասում։ Լուռ կանգնած նայում էին։ Չնայած, երբ ծխախոտի տուփի միջի ժուչոկը տեսան, շատ զարմացան։ Ճամպրուկի թելերը քանդեցի ու տակից ժուչոկ հանեցի երեք էլեմենտների հետ հավաքած։ Դրանք լավ էլ էմենտներ էին, երկար կաշխատեին։ Առանձնացրեցի ժուչոկից։ Տղերքին հարցրի, թե ժուչոկներն ինչ անեմ, ասացին վերացրու։ Տարա դուրս, դրեցի գետնին ու ջարդեցի։ Այդ ընթացքում բժիշկ Նորայրը զանգեր էր ստանում, և դրանց կցկտուր պատասխաններ էր տալիս։ Միայն ասում էր, - Հա, հմմմմ, հա, հմմմ։
----------------------------------------------------
Հատված Սասնա Ծուռ Մխիթար Ավետիսյանի նամակից
Արթուրը ոչ միայն այդ ժուչոկները գտավ, այլև ոստիկանական մեքենայի ռացիայով կարողացավ կապ հաստատել և տաքսի ծառայությունների ռադիոկապի հաճախականություններով կոչեր հնչեցնել։
Նա Գնդի արհեստանոցից մեծ դինամիկներ գտավ, վերանորոգեց և սկսեց աշխատեցնել։ Դրա շնորհիվ էին մեր հայտարարությունները հասնում մինչև Խորենացի։ Նա նաև էլեկտրականության ավտոնոմ սնուցում ապահովեց։
Արթուրը մեզ համար հացբերող չի եղել։ Ժողովուրդը իրեն այդպես կոչեց, բայց նրան անվանել միայն Հացբերող նշանակում է ոչինչ չասել Արթուր Սարգսյանի մասին։ Ժամանակը կգա, և շատ մանրամասներ կպատմենք Արթուր ֆիդայուց։ Իսկ հաղթանակից հետո ՊՊԾ Գնդի տարածքում մի գողտրիկ պուրակ կլինի նրա անունով և արձանով։
Մեզ համար այդ իրավիճակում, երբ մենք մահվանը բաց աչքերով էինք նայում, հաց բերելը շատ էր երկրորդական։ Նա իր կյանքը վտանգի ենթարկելով եկել էր մեզ միանալու։ Իսկ դա ավելի կարևոր էր։


