▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիվան Գասպարյանի ընտանիքը

Wnews.am-ը գրում է. Շարունակում ենք ներկայացնել հայ հեղինակավոր եւ սիրված անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք նշանավոր դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ  Ջիվան Գասպարյանի ընտանիքը։

Նրա պապերը մշեցի էին:  «Մեր ցեղը լավ մարդիկ են եղել, ընտանիք սիրող, թասիբով… Ես հիշում եմ, պապիս տունը մի 30 հոգով նստում էին ճաշի: »,-պատմում է Վարպետը:

Գասպարյանների գերդաստանի մեծ մասը զոհ է գնացել  1915թ-ին.  «Ընտանիքում շատ չէինք խոսում 1915-ին կատարվածի մասին: Պապս միշտ սաստում էր տատիս, որ չպատմի ու լաց չլինի»,-հիշում է դուդուկահարը: Նա հուսով է, որ մի օր, եթե նույնիսկ ինքը չէ, գուցե թոռը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկապես գտնի իր պապական տունը Մուշում:

Ժողգործիքների անսամբլ, 1944թ. (կենտրոնում՝ 16-ամյա Ջիվան Գասպարյանը)   

Ջ. Գասպարյանի հայրը զբաղվում էր քարտաշությամբ: Օպերայի, Հանրապետության հրապարակի շենքերի քարտաշներից էր: «Ինձ ասում էր` տղա ջան, ամեն մեկս մի քար դնենք, որ մեր երկիրը կանաչի: Իսկ եթե քարը հանենք, երկրից բան չի մնա»,- հոր խոսքերն է հիշում վարպետը:

Դուդուկահարի երջանկահիշատակ կինը՝ Աստղիկ Զարգարյանը, Ջիվան Գասպարյանի հետ  միասին քսան տարուց ավել աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան Երգի պարի պետական անսամբլում, որտեղ էլ  կայացել է նրա ճակատագրական հանդիպումը մեծ վարպետի հետ:

Աստղիկ Զարգարյանը հայկական պարարվեստը ներկայացրել է աշխարհի մի շարք երկրներում, արժանացել բազում մրցանակների, պատվոգրերի, շնորհակալագրերի:

Նա կյանքից հեռացել է 2015թ. 83 տարեկանում։

Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրստեր Ջիվան Գասպարյանը, եւս դուդուկահար է։ Նա հաճախ է համերգներով հանդես գալիս պապիկի հետ։  «Ջիվանը շատ լավ է նվագում, սիրում էլ է, դրա համար թող շարունակի: Եթե լավ չնվագեր, չէի թողնի, կասեի` ուրիշ բիզնեսով զբաղվի»,-թոռան մասին ասում է Վարպետը:

33-ամյա Ջիվանը եւս մեծ հաջողությունների է հասել. նա կատարումներ է ունեցել Զուկերոյի, Անդրեաս Վոլենվայդերի, Բորիս Գրեբենշիկովի, Ալան Փերսոնս Փրոջեքթի, Պլանետ Իքսի, Միշել Բրուքի և այլ հայտնի երաժիշտների հետ, թողարկել իր ձայնասկավառակները։

Կրտսեր Ջիվանի կինը Նվարդն է, ում հետ ամուսնացել է 2013թ.։

«Կինս իմ ոլորտից չէ, շատ է սիրում նկարել, դիզայն ու նկարչություն է սովորում: Նա ինձ ոգեշնչում է, ես էլ իմ գործն եմ անում ու օրս այնպես բաշխում, որ կարողանամ ե՛ւ պարապել, ե՛ւ ընտանիքիս ու մտերիմներիս ժամանակ հատկացնել»,- ասում է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее