Life.panorama.am-ը գրում է.
Ջազն ապրելաձեւ է, կոնկրետ ընտրություն, որը խոսում է ոչ միայն երաժշտական ճաշակի, այլեւ մարդու տեսակի մասին, ջազը կյանք է. այսօր ջազի միջազգային օրն է:
Օրվա թեմայի շուրջ Life.panorama.am-ը խոսել է երգչուհի Զարուհի Բաբայանի հետ, ով բազմիցս է ասել՝ ես մեծացել եմ ջազի ներքո եւ ուղղակի ընտրել եմ ջազը: Եվ չնայած երգչուհին առավել շատ ներակայացնում է էստրադային կատարումներ, այնուամենայնիվ, իր խոսքով, երբեք չի հեռանում ջազից.
«Նախեւառաջ ուզում եմ շնորհավորել բոլոր ջազմեններին ու ջազասերներին, մաղթում եմ ստեղծագործական բուռն կյանք, որպեսզի իրենց միջոցով երաժշտության այս տեսակը մշտապես հնչի եւ սիրվի»,- նշեց երգչուհին:
Զարուհի Բաբայանը սրտնեղում է, որ համեմատաբար քիչ է ներկայանում ջազ կատարումներով, բայց եւ հավելում.
«Չգիտեմ ինչու՝ վերջերս համեմատաբար քիչ եմ ներկայանում ջազ կատարումներով, բայց իմ կյանքում ջազը միշտ կա: Ցավոք, վերջին տարիներին համերգները անհամեմատելիորեն կրճատվել են, հետեւաբար նոր կատարումներով հանդես գալ եւս հաճախ հնարավոր չէ: Ինչեւէ, որքան էլ ուշ-ուշ ջազ երգեմ, միեւնույն է, այն իմ ամենասիրելի ժանրն է, ի դեպ՝ ջազի ամենամեծ հարստություններից մեկն այն է, որ ջազի շնորհիվ հնարավոր է մատուցել յուրաքանչյուր ոճ՝ ֆոլկ, դասական երաժշտություն, էստրադա, դրա համար ես անգամ իմ էստրադային կենդանի կատարումները անպայման ջազային ելեւէջներով եմ փորձում ներկայացնել: Ջազն ազատ երաժշտական ոճ է, այդ իսկ պատճառով աշխարհը տարված է ջազով»:
Ի դեպ՝ ապրիլ ամիսը ջազով լեցուն է եղել Զարուհի Բաբայանի համար, ավելին՝ կատարվել է իր մանկական երազանքը.
«Ապրիլ ամիսն աշխատանքային իմաստով ինձ համար բեղումնառատ էր: Ես հանդես էի գալիս «Վերածնունդ» փառատոնում որպես ժյուրիի անդամ, որի շրջանակում կատարվեց իմ մանկական երազանքը ու ծանոթացա աշխարհահռչակ երաժիշտ, ջազմեն Սերգեյ Մանուկյանի հետ, ում համերգին մասնակցել էի դպրոցական տարիքում: Փառատոնի շրջանակներում Երեւանում էր նաեւ ջազմեն Ադամ Տերացույանը, ժյուրիի կազմում էր նաեւ Երվանդ Երզնկյանը եւ այլք: Փառատոնի երեք օրերի ընթացքում շատ կարեւոր զրույցներ ու հանդիպումներ ունեցա, նոր ծանոթությունների ու համագործակցությունների հիմքեր դրվեցին, որոնց պտուղները հուսամ շուտով տեսանելի կլինեն: Իմ երազանքների Սերգեյ Մանուկյանն ինձ անգամ երգ նվիրեց, որը մոտ ապագայում կհանձնեմ հանդիսատեսի դաստին: Ինձ համար շատ մեծ ձեռքբերում էր նաեւ այն, որ հայտնի երաժիշտ Ռուբեն Ահարոնյանի հետ որոշեցինք համագործակցել եւ մայիսի 6-ին կայանալիք իր համերգին միասին հանդես կգանք: Այնպես որ ապրիլ ամիսն ինձ համար ջազով լի էր, ինչի համար շատ ուրախ եմ»,- պատմեց երգչուհին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում