Blognews.am-ը գրում է.
Սոս Ջանիբեկյանին ճանաչում եմ մի քանի տարի. այս ընթացքում նրանից մի շարք հարցազրույցներ եմ վերցրել՝ անկեղծ, գործնական, անձնական. նա միշտ խոսել է ներկայի, պահը վայելելու մասին, այս զրույցի ժամանակ առաջին անգամ նկատեցի, որ Սոսը խոսում է ապագայի մասին։ Իր բնորոշմամբ՝ կյանքի հանդեպ վերաբերմունքը լրջացել է։
BlogNews-ը Սոսի հետ անկեղծ զրույց ու հետաքրքիր ֆոտոշարք է ունեցել Սևանի ափին։ Մեր խոսակցության առանցքային մասը նրա հայրը՝ Կարեն Ջանիբեկյանն էր, իրենց հարաբերությունները։ Հոր մասին Սոսն անընդհատ ներկա ժամանակով էր խոսում։ Դերասանի խոսքով՝ հիմա ավելի շատ է հոր հետ, քան նրա կենդանության օրոք։
-Երբ ասացի, որ ուզում ենք քեզ հետ ֆոտոշարքը Սևանում անել, առաջին արձագանքդ էր՝ «թույն ա» ։) Բնությանը մո՞տ մարդ ես։
-Հա ու շատ հաճախ մաքրվում եմ բնությամբ. առօրյաումս պարտադիր պետք է բնության հետ ինչ-որ առնչություն ունենամ։ Ինձ համար ցավալի է, որ մարդկությունը գնում է դեպի բնության ոչնչացում, հեռվանում է բնությունից. որտեղ մարդը հայտնվում է, ցավոք, վերացնում է շրջակա բնությունը։
Ինձ համար կարևոր մի փաստ կա. բնությանը մոտ ինձ տարել է հայրս՝ Կարեն Ջանիբեկյանը, իսկ նա ավելի շատ բնության տարերքների մարդ էր, քան ցիվիլիզացիայի։ Նա բնության նման ներդաշնակ կարող էր լինել, բնության նման բռնկուն ու անկանխատեսելի։ Նա ուներ բնազդային իմաստություն՝ «мудрое сердце»։ Կյանքի վերջին 5 տարին հայրս ապրեց Գառնիում, բերքատու ծառեր տնկեց. միշտ իր ձեռքով մշակեց հողամասը։ Նա ամբողջ օրը կարող էր զբաղվել հողի, ջրի, ծառերի, բնության հետ, խոսել նրանց հետ, կապվել ընկերանալ։ Իմ մանկությունն անցել է այժմյան Հյուսիսային պողոտայում, մեր շենքը չի քնդվել, բայց այն ժամանակ դիմացի բարձրահարկները չկային, և Արարատը մեզ երևում էր ամենապարզ վիճակում, հայրս ամեն առավոտ արթնանում էր, նայում Մասիսին ու կատարյալ ճշմարտությամբ որոշում օրվա եղանակն ու էներգետիկան։
-Սևանում հաճախ էիր հիշում պապայիդ, ինչ-որ պահի տպավորություն էր, որ մտքով իր հետ ես։ Նույնիսկ մի արտահայտություն արեցիր՝ հիմա ավելի շատ եմ պապայի հետ, քան այն ժամանակ։
- Նա ինձ համար կատարյալ հայր է եղել։ Ես լողալ սովորել եմ Սևանում՝ հորս օգնությամբ։ Սար բարձրանալ, ձի, հեծանիվ քշել, շախմատ, բլոտ խաղալ, ծառը ճիշտ տնկել, բերքը հավաքել, հող մշակել, մեքենա վարել, մի խոսքով՝ ինձ ամեն ինչ հայրս է սովորեցրել։ Նա ինձ տվել է ամենաթանկ դասերը՝ կյանքի և բնության դասերը։ Դրա համար ամեն անգամ բնությանն առնչվելիս ինքը ներկա է, կարծես իր աչքերով, իր հետ վայելեմ էդ ամենը։
Նա խելագարվում էր Սևանի համար: Երբ տան ծորակը մեկը բաց էր թողնում, շատ լուրջ կռիվ էր անում ու վիրավորվում, որովհետև Սևանի ջուրն ես կորցնում, ինքը կարող է չխոսեր մարդու հետ, ով բնության, Սևանի հանդեպ վատ վերաբերմունք ուներ, աղտոտում էր այն։ Ես էլ եմ այդպիսին, բնության հանդեպ վերաբերմունքը ինձ շատ բան կարող է ասել մարդու մասին, բայց հորս մոտ դա ծայրահեղ էր։
Ես եկա այն ճշմարտության, որ երևույթի բացակայությունը կարող է ավելի մեծ ներկայություն լինել, քան երբ ինքը ներկա է։ Հիմա ես ամեն պահ հորս հետ եմ, առավել ևս՝ երբ բնության ու երաժշտության մեջ եմ, որովհետև մանկուց հորս երաժշտության՝ ջազերի, դասականի մեջ եմ մեծացել։ Նա կարող էր Բեթհովեն, Բախ լսել ու լացել, այդպես նա մաքրվում էր։ Նույնն էլ բնության դեպքում. ինքը ցիվիլիզացիայի մարդ չէր ու չէր սիրում այդ ռոբոտացված, արագ, շահախնդիր, սուտ վիճակները։
-Փաստորեն, քո ներքուստ մաքրվելու պրոցեսը նույն կերպ է լինում. դու էլ ասացիր՝ եթե մի 5 րոպե նստեմ ափին, կարող է լացեմ, բայց ոչ որովհետև տխուր էիր։
-Բնության գրկում միջավայը տրամադրում է։ Ինձ համար լացելը տխրություն չի։ Հոգեպես մաքրվելու պրոցեսը շատ կարևոր է, դու անընդհատ չես կարող ապրել այս կենցաղում, ռոբոտացման մեջ ու չունենաս ներքին հանգստություն։
-Նմանվե՞լ ես, թե՞ ուզում ես նմանվել պապայիդ։
-Ես դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեմ, որ նմանվեմ իրեն, որովհետև մեր իրականության մեջ շատ բարդ է լինել այդքան խիզախ, անկեղծ, արդար։ Սակայն հիմա ինքը կարծես հետևի իմ ապրելակերպին ու վարքին, փորձում եմ հանկարծ չանել էնպիսի բան, որին ինքը դեմ էր, որովհետև հիմա մենք իրար հետ ենք ապրում, ինքն իմ մեջ է, իմ կողքին, ավելի, քան այն ժամանակ։
-Հաճա՞խ էիք վիճում։
-Հա, շատ։ Ինքը միշտ քֆրտել ա ինձ... դե ես ջահել էի, իմ կյանքն էի վայելում։ Երբեք չեմ գիտակցել (իմացել եմ, բայց չեմ գիտակցել), որ կարող է գա մի օր, որ ինքը չլինի։ Ես ծնվել եմ, ինքը կար ու ինձ թվում էր՝ միշտ լինելու է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում