▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններն անցել են փակ գործելաոճի.Հետադիմական քայլի դեմ կպայքարեն նաև լրագրողները

 

Հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018 թվականի առաջին եռամսյակային զեկույցը: 2017-ի համեմատ նվազել են ԶԼՄ- ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը: Եթե նախորդ տարի արձանագրվել էր 32 այդպիսի դեպք, ապա այս տարի դրանք 12-ն էին: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք 2018-ի առաջին եռամսյակում չի արձանագրվել, նախորդ տարի գրանցվել է բռնության երեք դեպք։ Սակայն ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները: Անցած տարվա 5 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 14-ը: Վառ օրինակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր, որի համաձայն, եթե մինչ այժմ գործադիր իշխանության բարձրագույն մարմնի նիստերը դռնբաց էին, և հավատարմագրված լրագրողները դրանց հետևում էին շենքում հատկացված հատուկ սենյակից՝ ուղիղ հեռարձակմամբ, իսկ նիստից հետո հնարավորություն էին ունենում հարցեր ուղղել նախարարներին, այսուհետ զրկվում են այդ հնարավորությունից, քանի որ կառավարության նիստերն անցնելու են դռնփակ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մտավախություն ունի՝ այս միտումը կարող է շարունակվել, քանի որ իշխանություններն անցել են փակ գործելաոճի, ընդունել օրենքներ, որոնք լուրջ սահմանափակումներ են մտցնում լրագրողական գործունեության համար: Տեղեկություն ստանալը բարդանալու է:

«Իշխանություններն արհամարհեցին բոլոր քննդատությունները, հրապարակումները ու օրենքն ընդունեցին: Մենք սա համարում ենք հետադիմական քայլ: Սա հակասելու է և՛ խոսքի, և՛ տեղեկատվության ազատությանը, խոչընդոտելու է հասարակության՝ տեղեկացված լինելու հանգամանքին: Բացասական ազդեցություն կունենա նաև կոռուպցիայի դեմ պայքարի գործում: Որևէ փակ կառույց արդյունավետ չի կարող աշխատել: Սա կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողական հանրությունը լուրջ ձևավորված պահանջ չի ներկայացնի պաշտոնական տեղեկատվությունն ավելի մատչելի դարձնելու առումով, ուստի, մենք քայլեր ենք ձեռնարկելու, որպեսզի լուծումներ գտնենք: Ցանկանում ենք չեղարկել այն դրույթները, որոնք խոչընդոտում են լրագրողի գործունեությանը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նույնպես իշխանության որդեգրած քաղաքականության շարունակությունն էր.

«Լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրելն այդքան էլ ճիշտ չէր, քանի որ նրանք այնտեղ էին որպես հյուրեր, այլ ոչ որպես լրագրողներ կամ օպերատորներ»,-ընդգծեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее