ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Իշխանափոխության բաղադրատոմսը. մայիսմեկյան մանիֆեստ |
Ի՞նչ ուղիներ կարելի է գտնել Հայաստանի Հանրապետությունում անարյուն ու ցնցումներից զերծ իշխանափոխություն իրականացնելու և ՀՀ քաղաքացուն վերստին երկրի տերը դարձնելու համար։ Ստեղծված անելանելի թվացող ճգնաժամը փաստում է, որ ինքնությունից ու սկզբունքներից զուրկ իշխանական կոնգլոմերատը այլևս անընդունակ է կառավարչական գործառնություններ իրականացնել և պարտադիր պետք է հեռանա։ Այս հարցում երկրորդ կարծիք չի կարող լինել։
Ըստ այդմ, երեք ճանապարհ կա իշխանափոխություն իրականացնելու համար՝
ա․ արյունալի ու շարունակական քաղաքացիական բախումների արդյունքում, որոնք վերջնականապես կկործանեն ապագայի հանդեպ բոլոր սպասումներն ու ակնկալիքները։ Սա մերժելի տարբերակ է։
բ․ վերստին փակ շղթայով, "խորքային պետության" գործիքակազմի կիրառմամբ և նույն սցենարով, բայց նոր դեմքերով իշխանության ձևավորում։ Սա ևս մերժելի տարբերակ է։
գ․ երրորդ տարբերակ
Ո՞րն է այդ երրորդ տարբերակը․
Հանրային վստահություն ունեցող տաս անձինք հանդես են գալիս հայտարարություն-հռչակագրով, առ այն, որ մեկ տարի ժամանակով ձևավորում են Ազգային համերաշխության կառավարություն՝ պայմանով, որ մեկ տարի անց խորհրդարանական և տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ այդ տաս անձանցից ոչ մեկը չի ստեղծի կուսակցություն, չի անդամակցի որևէ կուսակցության և ցմահ չի զբաղեցնի որևէ պետական պաշտոն և, ընդհանրապես, չի զբաղվի քաղաքական գործունեությամբ։
Այս կապակցությամբ կստորագրիվի տասի խարտիան։
Ինչպե՞ս իրականացնել իշխանափոխությունը։ Առաջին հերթին այն պետք է տեղի ունենա առանց ցնցումների ու անարյուն ճանապարհով։ Հանրահավաներն ու երթերը, փողոցներ փակելն ու բախումներ հրահրելը մերժելի ուղիներ են։
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ
Ներկա իշխանության լիակատար մերժումն ու հեռացումը պետք է կազմակերպվի ընդամենը մեկ խորհրդանշական, սակայն ազդու քայլ կատարելով՝ հրաժարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից՝ ի նշան բողոքի, երկիրը ճգնաժամի մեջ թաղելու և արժանապատվությունից ու անվտանգությունից զուրկ ապագա տանելու համար։ Սա հակապետական կոչ չէ, այլ ընդամենը անարյուն իշխանափոխություն իրականացնելու այլընտրանքային սցենար։ Այս գործողությունը համակարգելու է տասի խորհուրդը՝ մինչ կկազմակերպվի Ազգային համերաշխության կառավարությունը և կստորագրվի տասի խարտիան։
Ի նշան բողոքի ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և ներկա իշխանությունների հեռացման պահանջը դրսևորվելու է ՀՀ քաղաքացու անձնագրերի՝ անձնագրային բաժանմունքներ ու վարչություններ մեկ շաբաթով հանձնելու խարհրդանշական քայլով։ Որքան շատ քաղաքացիներ կմասնակցեն այս գործողությանը, այնքան շուտ կիրականացվի բաղձալի իշխանափոխությունը։
Անկասկած, այս ընթացքում իր ազդու և որոշիչ ասելիքն ունենալու է նաև ՀՀ զինված ուժերի, ԱԱԾ և ոստիկանության սպայակազմը, ստեղծվելիք իրադրությունում իր համարժեք գնահատականը տալու առումով։
Ժամանակը մեզ չի սպասում․․․