▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկապես աբսուրդային իրավիճակ է. ինչո՞ւ և ինչի՞ց են բողոքում Աբովյան 32 շենքի բնակիչները

Աբովյան 32 շենքի բնակիչներն արդեն մի քանի օր է, ինչ անհանգստացած են: Պատճառը շենքի առաջին հարկում ապօրինաբար բացվող մուտքն է: Այս մասին Asekose.am-ին հայտնեց շենքի բնակիչներից մեկը:

«Այն մշակութային շենք է: Այն ունի մի քանի կիսանկուղներ, որոնցից արդեն մուտքեր բացված են: Իսկ այժմ էլ այն մարդիկ, ովքեր գնել են առաջին հարկը, փորձում են շենքի մուտքը բաժանել երկու մասի, ինչի թույլտվությունը նրանք չունեն»,- պատմեց շենքի բնակիչը,ապա շարունակեց.

«Օրեր առաջ այդ մարդիկ համոզելով փորձում էին հավաքել մեր՝ բնակիչների ստորագրություններն իրենց ուզած մուտքը բացելու համար: Սակայն չստանալով մեր ստորագրությունները՝ կիրակի առավոտյան նրանք սկսեցին իրենց աշխատանքը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքները կասեցնել հաջողվել է ոստիկանության աշխատակիցներին, ովքեր ժամանել են բնակիչների ահազանգով.

«Ոստիկանները եկան և կասեցրին նրանց գործողությունները: Իսկ ինչ վերաբերում է այս ամենը թույլատրող փաստաթղթերին, ապա դրանք ցույց տվեցին մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրավունք ունեն կատարելու միայն ներսի աշխատանքները:

Կարծում եմ՝ նրանք օգտվում են այս օրերին շրջանառվող այն լուրից, թե իբրև Տարոն Մարգարյանը հրաժարական կտա: Հավանաբար օգտվելով այս խառնաշփոթից՝ նրանք փորձում էին գտնել հարմար պահ՝ իրականացնելու իրենց ուզածը»,- ասաց շենքի բնակիչը՝ ապա հավելեց.

«Իսկապես շատ աբսուրդային իրավիճակ է: Այդ մարդիկ գնել են բնակարան և փորձում են այն վերածել կոմերցիոն տարածքի: Ավելացնեմ նաև, որ երբ ոստիկանները եկան և զննեցին տարածքը, նրանց խոսքից պարզ դարձավ, որ կոնկրետ ներսի հատվածից աշխատանքներ արդեն արվել են»,- նշեց մեր զրուցակիցը:

Հեղինակ` Ս. Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее