«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ մասնակցելու են ընտրություններին ցանկացած ընտրակարգով ու պատրաստվում են հաղթել. «Մենք ենք առաջ բերել օ՛ր առաջ ընտրությունների գնալու օրակարգը ու կարևոր է դրանք չհետաձգելը: Կարևոր է դրանց լեգիտիմությունը, որ դրանով թոթափվի լարվածությունը, ու դրա համար ենք պնդում, որ խաղի կանոնները փոխել պետք չէ: Բայց եթե այդպես լինի, ԼՀԿ-ն մասնակցելու է ու հաղթելու է: Մենք արդար խաղի կանոնների մասին ենք խոսում: Եթե քաղաքական մեծամասնությունը հակված է գործելու անարդար՝ իր խաղի կանոններով, հարմարացնելու ամեն ինչ իրեն, դա վնասելու է ընտրական պրոցեսին, ընտրությունների լեգիտիմությանը, լարվածության թոթափմանը՝ ընտրություններից հետո, ու ստեղծելու է պատրվակներ ու հնարավորություններ՝ ընտրություններից հետո կրկին լարված պրոցեսների»:
Պատգամավորի խոսքով՝ իշխանություններին ձեռնտու կլիներ գնալ վարկանիշային ընտրակարգով, եթե «ունենային քաղաքական գործիչներ, ովքեր չեն ամաչում ժողովրդի երեսին նայել... Իրենք ուզում են վարչապետը քարոզարշավ անի, ունենան վարչապետին կցորդ պատգամավորներ, որոնք վաղը հլու-հնազանդ անելու են էն ամենը, ինչ հրամայելու է վարչապետը»: