Մետրոպոլիտենի դրամարկղերի մոտ նոր պաստառներ են հայտնվել, որոնց համաձայն, մետրո հեծանիվով նստելու դեպքում պետք է երկու ժետոն գնել: Ուղևորը հավելյալ 100 դրամ պետք է վճարի նաև եթե ուղեբեռի չափսերը մեծ են 60x40x20 սմ-ից, այսինքն` երկարության, լայնության և բարձրության չափերի հանրագումարը գերազանցում է 120 սմ-ը և 150-սմ-ից ավելի երկարություն ունեցող առարկա, ուղեբեռի տեղափոխման դեպքում: Այս զգուշացման համար որպես հիմնավորում հղում է արվում արդարադատության նախարարության կողմից հաստատված դեռևս 1997 թվականի սեպտեմբերի 4-ի Մետրոպոլիտենից օգտվելու կանոններին:
Tert.am-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի պետի տեղակալ Գևորգ Ավետիսյանն ասել է, որ որպես այդպիսին փոփոխություն չի արվել: Ուղեբեռի տեղափոխման կարգում գրված հստակ չափերով մետրոպոլիտենի աշխատակիցները մինչ այս էլ 2-րդ ժետոն են պահանջել, բայց հեծանիվի մասով սա նորություն է:
«Սա միշտ էլ եղել է, նոր բան չի, ուղեբեռի տեղափոխման կարգ է սահմանված: Հեծանիվը նորություն է, բայց դա մենք նայում ենք որպես ուղեբեռ, մենք դա չենք նայում որպես հեծանիվ: Մեզ համար դա ուղեբեռ է, իսկ ուղեբեռի չափեր գոյություն ունեն, որոնցից ավելի լինելու դեպքում երկրորդ ժետոն պետք է վերցնեն: Մենք առաջնորդվում ենք սահմանված կարգով»,- ասաց Ավետիսյանը:


