▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը Հակակոռուպցիոն դատարանի բակում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

«ԱրմԼուր»-ը գրում է․ «Հակակոռուպցիոն դատարանում իր քաջատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ այս պահին բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման միջնորդության դռնփակ նիստը թևակոխել է հարց ու պատասխանների փուլ։ Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս պահին Սամվել Կարապետյանի պաշտպանները հարցեր են տալիս քննիչներին, որոնք պնդում են թե ամեն գնով բարերար Կարապետյանը պետք է կալանքի տակ մնա: Փաստաբաններից հետո դատավոր Վահե Դոլմազյանն է հարցեր տալու միջնորդության հեղինակ քննիչներին: Դրանից հետո պաշտպանները ելույթներ են ունենալու, քննիչները դիրքորոշումներ են հայտնելու։ Այսինքն՝ կալանքի հարցով դռնփակ նիստը դեռ երկար կտեւի։

Տեղեկացնենք, որ արդեն 5,5 ժամ է, Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ դռնփակ ձևաչափով քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման հարցը և այդ 5,5 ժամվա ընթացքում գործարարար Սամվել Կարապետյանը որեւէ բառ չի խոսել իր շուրջ կատարվող գործընթացների մասով։ Նա լուռ և համեստ լսում է:

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Այս պահին հակակոռուպցիոն դատարանի բակում «Մեր ձևով» շարժման անդամներն ու Սամվել Կարապետյանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան։

***

Արամ Վարդևանյանը թեժացնում է մթնոլորտը` Սամվել Կարապետյանին դատարանի ներսում պաշտպանելով իրավական գործիքներով, դրսում կոչերով. Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Հակակոռուպցիոն դատարանի բակում Կարապետյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճռի հրապարակմանը սպասող քաղաքացիները նրա հետ միասին վանկարկում են «Սամվել, Սամվել»...

Քաղաքացիները նաև «ամոթ, ամոթ» են վանկարկում` հասցեագրված ՀՀ իշխանություններին. 

«Ամոթ է այն իշխանությանը, որը կալանավորում է ազգային բարերարին, ամոթ է այն իշխանությանը, որը կալանավորում է սրբազանին, ամոթ է այն իշխանությանը, որը երես է թեքում Արարատից, ամոթ է այն իշխանությանը, որը հրաժարվում է ցեղասպանությունից...»։

Սամվել Կարապետյանի կողմնակիցները Հակակոռուպցիոն դատարանի ճաղավանդակներին ամրացրին Արցախի դրոշը

***

«Իշխանական վախերի ցուցադրման հերթական շոուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ընդգծեց ՀԷՑ-ի իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ իշխանությունն աննկարագրելի, անբնական վախ ունի Սամվել Կարապետյանից։

«Հերթական շինծու, ոչ իր հետ կապ ունեցող գործ է, այսինքն՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ կապով գտել են իրենց կարծիքով ինչ-որ բան, որը կարող են «կպնել» Սամվել Կարապետյանին»,- նշեց Ղազինյանը՝ նկատի ունենալով փոփոխված մեղադրանքի նոր դրվագը։

«Իրենց կարճ խելքով ստացվում է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է շատ մեծ բարեգործությունների, բայց ինչ-որ փողերի լվացումամբ զբաղվի։ Մի քիչ ծիծաղելի է, չի՛ կարելի, այսինքն՝ կան բաներ, որոնք լսելն անգամ զզվելի է»,- հավելեց Ղազինյանը։

***

Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանն այս պահին  դատարանի շենքի մոտ է, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը

Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։

***

«Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ սահմանափակի Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով»,- այս մասին այսօր դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Կարապետյանի եղբորորդի, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն՝ կապված Սամվել Կարապետյանի և նրա սկսած շարժման հետ։ Եթե մտավախություն չունեն, ինչո՞ւ են ակտիվորեն ուզում երկարացնել նրա կալանքի ժամկետը, ինչո՞ւ են «բռնել» նրան»,- նշեց Կարապետյանը։ Նրա խոսքով՝ իշխանության որդեգրած ռազմավարությունը բերելու է նրան, որ «բերդերում էլ տեղ չի լինելու»։

Դիտեք նաև՝ 

Իրավիճակը Հակակոռուպցիոն դատարանի բակում. մարդիկ սպասում են քննիչի կողմից  Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշմանը։

«Սամվել, սպասում ենք». Հակակոռուպցիոն դատարանի բակում հավաքված բազմաթիվ մարդիկ այս վանկարկումներով իրենց աջակցությունն են հայտնում գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

***

«Ակնհայտ է, որ շարժումը բավականին թափ է հավաքել և օրակարգ է փոխել առհասարակ Հայաստանի Հանրապետությունում․ ուրիշ էներգիա է բերել»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ շարժումն առհասարակ այլ էներգիա է փոխանցել հասարակությանը, հետևապես չբացառեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ նախօրեին կիրառված մեղադրանքի փոփոխությունը ևս կապված է շարժման հաջողության հետ։

«Հերթական շինծու գործն են բերել քննման և փորձում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով ավելացնել։ Արդեն 4 ամիս է մեր ազգային բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ, ու մենք այսօր հավաքվել ենք մեր խոսքը բարձրացնելու՝ պահանջելու արդարություն, արդար դատավարություն»,- ասել է Ալեքսանյանը։ Նա նաև հավելել է՝ ակնկալվում է, որ Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի․ «Ակնկալիքները միշտ էլ կան, որովհետև հույս ունենք, որ ի վերջո դատական համակարգը կսթափվի և իր երդումը կկատարի այնպես, ինչպես որ կարգն է՝ կծառայի հանուն ՀՀ-ի, հանուն Հայաստանի քաղաքացու և մեր ժողովրդի»։

Դիտեք նաև՝

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հայաստանում մոլեգնում է քաղաքական հետապնդումների ուրվականը»։

««Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները Հակակոռուպցիոն դատարանի դիմաց են՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանում քաղաքական հետապնդումների դեմ, որոնք արդեն տևական ժամանակ է մոլեգնում են։ Այսօր Սամվել Կարապետյանի դատավարությունն է այստեղ ընթանում․․․ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք դարձել է մի երկիր, որտեղ մարդիկ կարող են բանտարկվել խոսքի, կարծիք հայտնելու համար․ սա կոշտ ավտորիտարիզմին բնորոշ երևույթ է»,- տեսանյութում նշել է Մալխասյանը։

«Այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարություն, արդարադատություն և ազատություն Սամվել Կարապետյանին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

«Ու եթե այսօր չլինի արդարություն և արդարադատություն, ապա շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում»,- հավելեց Ալեքսանյանը։

***

«ՀԷՑ-ի անվտանգությունից այստեղ մարդիկ կային, եկել էին գույքագրեն, թե ովքեր են եկել․․․ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի՝ ով է եկել, ով չի եկել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որը եկել էր Հակակոռուպցիոն դատարանի բակ՝ աջակցելու գործարար Սամվել Կարապետյանին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում այն աշխատակիցներին, ովքեր եկել էին աջակցելու Սամվել Կարապետյանին, արդյոք նրանց կհեռացնեն աշխատանքից, Ղազինյանը պատասխանեց․ «Իրենք մի քիչ խելոքացել են, ժամանակին 5-6 հոգանոց ժողովներ էին լինում, ինֆորմացիան ստանում էինք, հիմա առանձին-առանձին են կանչում և սպառնում են՝ եթե սա դուրս եկավ, խնդիրներ կունենաք»։

Ղազինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում վախի մթնոլորտը բարձր մակարդակի է հասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее