Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներին. դեսպան
«Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն»,– լրագրողներին ասաց Մեհդի Սոբհանին։
Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերադարձ, որը ենթադրում է ՀՀ տարածքը։ Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։
Դիտեք նաև՝
ՀՀ–ում Իրանի դեսպանը մեղմացրել է հռետորաբանությունը Իրանի դեմ իսրայելական հարվածների համար ադրբեջանական տարածքի հնարավոր օգտագործման մասին վերջին հայտարարություններից հետո
«Իրանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար։ Մենք պաշտոնական ինֆորմացիա չունենք, որ նման բան տեղի է ունեցել, ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չենք կարող դիրքորոշում հայտնել»,–ասաց Մեհդի Սոբհանին լրագրողներին։
Անցած շաբաթ մամուլի ասուլիսի ժամանակ Մեհդի Սոբհանին, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասել էր, որ որոշ քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ ԻԻՀ են ներթափանցել հարևան երկրների տարածքից: Նա ակնարկել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ տեղեկացնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը Ալիևին խնդրել է «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել դրա վերաբերյալ: