▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանացիներին ինչի՞ համար է պետք Հայաստանը

Իրանական զբոասաշրջությունն աննախադեպ աճ է արձանագրել

Հայաստանը գնալով ավելի շատ է հետաքրքրում իրանցի զբոսաշրջիկներին

Գաղտնիք չէ, որ հիմա ամենալավ ժամանակները չեն՝ Հայաստանի և տարածաշրջանի երկրների տնտեսությունների համար։ Հիմնականում արտաքին աշխարհից եկող բացասական ազդակների պատճառով՝ 2016 թվականը Հայաստանի համար այնքան էլ հաջող չդասավորվեց. տնտեսական աճը նախատեսված 2.1%-ի փոխարեն կազմեց 0.5%, տարվա ընթացքում նվազեցին արտերկրից ուղարկվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները), նվազեցին օտարերկրյա ներդրումները, պետական պարտքը աճեց և այլն։

Այս ամենի ֆոնին բավականին զարմանալի էր տեսնել, որ կա ցուցանիշ, որը կտրուկ աճ է ունեցել։ Կարելի է ասել՝ ռեկորդային աճ։ Խոսքը վերաբերում է Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի դինամիկային։ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Իրանից Հայաստան են այցելել ավելի քան 160 հազար զբոսաշրջիկներ, իսկ տարվա կտրվածքով այդ թիվը կմոտենա 190 հազարին։ Նման քանակով իրանցի զբոսաշրջիկներ Հայաստանը նախկինում չէր ընդունել։ Արդյունքում, Իրանը այսօր զբոսաշրջության առումով Հայաստանի թիվ 2 գործընկերներն է, շրջանցել է ԱՄՆ-ին և հաստատուն քայլերով գնում է առաջ՝ շրջանցելու Ռուսաստանին։

Իրանական տուրիզմի պատկերը

Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին 15 տարիների ընթացքում աճել է։ Համեմատության համար նշենք, որ եթե 2000-ականների սկզբին Հայաստան էին այցելում տարեկան միջինը 7-8 հազար իրանցիներ, ապա 2015-ին այդ թիվը 140 հազարից մեծ է եղել, իսկ այս տարվա հունվար-սեպտեմբերին, ինչպես նշեցինք, արդեն 160 հազար է։

Իրանական տուրիզմի առանձնահատկությունները. ինչու են իրանցիները գալիս Հայաստան

Իրանցիներին Հայաստան բերող գլխավոր առիթը Նովրուզ-Բայրամ տոնն է (իրենց ամանորը)։ Այն սկսվում է մարտի չորրորդ շաբաթվանից և տևում 13 օր։ Ընդամենը այդ 2 շաբաթվա ընթացքում Հայաստանն ընդունում է 20-25 հազար իրանցիների։ Պատճառն այն է, որ Իրանում կրոնով պայմանավորված արգելքները շատ են, իսկ Հայաստանում նման արգելքներ չկան։ Հայաստանում այդ օրերին իրանցիներին կարելի է հանդիպել ամենուր՝ թանգարաններից սկսած մինչև գիշերային ակումբներ։ Իհարկե, Եվրոպան այդ առումով թերևս ավելի նախընտրելի կլիներ, սակայն Հայաստանը մոտ է, և իրանցիների մի զգալի մասը գալիս են իրենց սեփական մեքենաներով։

Սակայն իրանցի զբոսաշրջիկների հոսքը շարունակվում է նաև տարվա մյուս ամիսներին։ Վերջին տարիներին գրանցված աճը, ըստ տուրօպերատորների, մի քանի պատճառներ ունի։ Օրինակ՝ «Տաթև» տուրիստական ընկերության ներկայացուցիչ Նվեր Դավթյանի կարծիքով՝ իրանցի զբոսաշրջիկների աճը մասամբ պայմանավորված է Թուրքիայի գործոնով։ Նախկինում իրանական տուրիստական ներհոսքը դեպի Թուրքիա բավականին մեծ էր՝ տարեկան մինչև 2 մլն զբոսաշրջիկ։ Սակայն թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը մի կողմից, և Թուրքայում հաճախակի դարձած ահաբեկչությունները մյուս կողմից, սկսել են անհանգստացնել իրանցի զբոսաշրջիկներին։

Տուրօպերատորի խոսքով՝ նրանց մի մասը Թուրքիան փոխարինել է Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով, քանի որ. «Գերադասում են մոտ երկիր, անվտանգության առումով հարմար երկիր»:
Բնական է, որ Վրաստանը Հայաստանի համար մրցակից է՝ իրանցի զբոսաշրջիկներին ներգրավելու առումով։ Վրաստանի գլխավոր առավելությունը Հայաստանի նկատմամբ ծովն է, սակայն Հայաստանը այլ առավելություններ ունի՝ նախ ավելի մոտ է, և երկրորդ՝ պարսկալեզու սերվիսը Հայաստանում ավելի լավ է զարգացած, իրանցիներն այս առումով ավելի հարմարավետ են զգում իրենց:

Կոնկրետ 2016 թվականի ընթացքում Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճի հարցում դեր են խաղացել ևս 2 գործոն։ Նախ՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը, որն այդ երկրին թույլ տվեց լրացուցիչ ֆինանսական հոսքեր ստանալ (արտարժույթով)։

Իսկ երկրորդ գործոնն այն է, որ 2016 թվականի օգոստոսին ուժի մեջ մտավ Հայաստանի և Իրանի միջև առանց վիզայի ռեժիմը (համապատասխան հուշագիրը ստորագրվել էր հունիսի 5-ին)։ Սա նշանակում է, որ Հայաստանի և Իրանի քաղաքացիները ազատվում են այցելության վիզաներից, եթե 180 օրյա ժամկետում հարևան երկրում գտնվում են ոչ ավել, քան 90 օր:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր jam-news կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее