▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իր մեքենայի կողոպուտը դիտավորյալ է կազմակերպել՝ փորձելով զրպարտել ինձ. Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսեր

Երեկ կեսօրին երգիչ Նարեկ Մակարյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր այն մասին, որ իր մեքենան կողոպտել են: Երգիչը մասնավորապես գրել էր.

«Առավոտ շուտ փաստորեն կողոպտում եք մեքենաս... ջարդում եք հետևի ապակին... գումարս եք գողանում նաև փաստաթղթերս... Չգիտեմ, թե  ով է արել ու ինչի համար, բայց զգուշացնում եմ.  ես սա այսպես չեմ թողնի, պինդ բռնվեք, քանի կարող եք»:

Տեղեկացնենք, որ իր այս գրառումից բացի, այսօր Նարեկ Մակարյանը, նույն թեմայի շուրջ զրուցելով որոշ լրատվամիջոցների հետ, պատմել է դեպքի մանրամասների մասին՝ հստակեցնելով, թե կողոպտիչներ կոնկրետ ինչ են հասցրել տանել մեքենայի մեջից. ԱՄՆ-ից բերված 300 դոլար արժողությամբ դրամապանակ՝ մոտ 200 դոլարի չափ գումարով ու անձնական փաստաթղթերով, վարորդական իրավունք, մոտ 80 հազար դրամ, «Dolce Gabbana» ապրանքանիշի պայուսակ, որի արժողությունը կազմում է 7800 դոլար, ինչպես նաև կողոպտիչներն իրենց հետ են վերցրել երգչի նոր երգերի «մինուսներով» կրիչները, որոնք նա պատրաստվել է թողարկել Ամանորից հետո: Այս ամենից զատ, Նարեկ Մակարյանը, պատասխանելով այն հարցին, թե ում է կասկածում կատարվածի մեջ, ակնարկել է իր նախկին պրոդյուսերին՝ Սոֆյա Գուլյանին, ում հետ նրանց հարաբերություններն այս պահին, ինչպես որ երգիչն է նշել, լարված են:

«Ես չունեմ ոչ մի հիմք՝ նրան կասկածելու կամ մեղադրելու: Այո, որոշակի լարվածություն մեր մեջ կա, բայց ես առանց փաստերի, ապացույցների ոչինչ չեմ կարող ասել: Բայց չկասկածել ևս չեմ կարող»,- նշել է Նարեկը:

Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել Սոֆյա Գուլյանի հետ՝ ճշտելու և լսելու նրա մեկնաբանությունը՝ կապված Նարեկ Մակարյանի մեքենայի կողոպուտի հետ:

«Իսկապես մեր հարաբերություններն այս պահին լարված են: Արդեն կես տարի է, ինչ մենք չենք համագործակցում: Այս ամենի մասին ես չէի չբարձրաձայնում՝ փորձելով մեր միջև եղած խնդիրների լուծումը հարթել նորմալ մարդկային հարաբերությունների միջոցով»,- նշեց Սոֆյա Գուլյանը:

Իսկ անդրադառնալով այն հանգամանքին, որ նա նույնպես Նարեկի կողմից կասկածվում է իր մեքենան կողոպտելու մեջ, Սոֆյա Գուլյանը նշեց, որ ինքն անգամ տեղյակ չի եղել, որ Նարեկ Մակարյանը մեքենա է ունեցել.

«Ես անգամ չգիտեի, որ Նարեկը մեքենա ունի, քանի որ մի քանի ամիս առաջ նա անձամբ էր ինձ ասել, որ իր ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո էլ նա վաճառել է այն: Ես երեխա չեմ, ինչպես նշեցի ցանկացած հարց ես փորձում եմ լուծել մարդկային ձևով, սակայն կոնկրետ Նարեկի հետ այդպես չի ստացվում, քանի որ մեր երկուսի մտածելակերպը և վարքագիծը բոլորովին այլ են: Ինձ համար կարևորն այն է, որ ես ինքս գիտեմ, որ այդ կողոպուտը ես չեմ կազմակերպել և դրա համար ես հանգիստ եմ և խղճիս դիմաց մաքուր»,- նշեց Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսերը՝ ավելացնելով.

«Կարծում եմ՝ այս ամենը հենց ինքն է դիտավորյալ կազմակերպել՝ փորձելով զրպարտել ինձ և խաղալ իմ անվան հետ: Երբ երեկ առավոտյան Նարեկը զանգահարեց ինձ և ասաց, որ նման բան է պատահել և որ նա պատրաստվում է դիմել ոստիկանություն, ես ասացի, որ նա կարող է վարվել այնպես, ինչպես որ ցանկանում է, որովհետև ինքս ոչ մի բանից և ոչ ոքից վախենալու ոչինչ չունեմ, քանի որ կապ չունեմ իր մեքենայի կողոպուտի հետ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց պրոդյուսեր Սոֆյա Գուլյանը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее