▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԻՔՄ»-ն է պահանջել քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամի հայտարարությունները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն է պահանջել քննել հավաքին մասնակցել պարտադրելու մասին Տեր Արամ քահանայի հայտարարությունները, այս մասին ՀԿ-ն հայտարարություն է տարածել:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչների հարցերի՝ հայտնում ենք, որ ս.թ. սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ 2021 թվականին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներսում եղել է պարտադրանք` քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու համար:

Քանի որ հանրահավաքներին մասնակցելը թե՛ հին, թե՛ նոր Քրեական օրենսգրքով արգելված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» սեպտեմբերի 17-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Դատախազություն՝ խնդրելով քննել հրապարակային արված այդ հայտարարությունը: Ճիշտ այնպես, ինչպես միշտ անում ենք ժողովրդավարական կարգին դեմ ուղղված հանցագործության մասին որևէ հրապարակային խոսք նկատելու բոլոր դեպքերում:

Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք:

Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»,– ասված է հաղորդագրությա մեջ:

***

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մանրամասներ է հայտնել լրատվականներին՝ Արագածոտնի թեմում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։
Հոգևորականների ձերբակալություններն ու խուզարկությունները կատարվել են իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստը, որ Նիկոլի մտասևեռումները սահման չեն ճանաչում, ապացուցման կարիք չունի։ Նա իր առջև դրած ցանկացած անբռնազբոս գաղափարի հասնելու համար պատրաստ է անել ու գնալ ցանկացած քայլի։ Նշածս դրվագն առավել ցցուն է դառնում Նիկոլի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ սկսած դեմարշի ֆոնին, որն այսօր նոր թափ է ստացել։
Րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը տարվել է Քննչական կոմիտե։ Ըստ էության՝ ամենայն հավանականությամբ մենք ունենալու ենք երրորդ կալանավորված Սրբազանը, քանի որ մոտ մեկ ամիս է՝ Մկրտիչ Սրբազանի անունը իշխանական տարբեր թրքահպատակ շրջանակներ անդադար տարբեր առիթներով տիրաժավորում են։
Այս մասին մի քանի անգամ բարձրաձայնել եմ, բայց նշեմ ևս մեկ անգամ․ քանի դեռ հասարակությունը կողքից, դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես է Նիկոլը քանդում եկեղեցին՝ այն փոխարինելով «ֆեստիվառներով» ու չգիտեմ ինչ այլ աղբանոցներով, նրա լեզուն միայն երկարելու է, ձեռքերը՝ ավելի ազատ գործելու։
Առաջիկայում թիրախում հայտնվելու է անձամբ Վեհափառը, ում նա, ինչպես հաճախ շեշտում է, փորձելու է «հեռացնել Վեհարանից»։ Սակայն վստահ եմ, որ Նորին Սրբությունը հաստատ է նստած իր գահին և ոչ մի հետքայլ չի անելու, քանի որ այս տհասները չեն հասկանում՝ Վեհափառը ուր էլ գնա, անգամ եթե այս ստահակներին հաջողվի գրոհել Մայր Աթոռը, այդ վայրն էլ լինելու է Կաթողիկոսարան ու շարունակելու է մնալ Ամենայն Հայոց Հայրապետ։ Դա պաշտոն չի, Նիկո՛լ, դա Աստծուց ստացած շնորհ է ու կոչում։
Ամենայն հավանականությամբ սա ընդամենը սկզբնախաղն է՝ Մայր Աթոռի գրոհից առաջ։ Նա պարզապես փորձում է հերթական անգամ ստուգել հասարակական տրամադրությունները։ Ի դեպ, վստահ եմ, որ առաջիկայում թիրախում կհայտնվի նաև Հովնան Սրբազանը, որի գաղափարական ամրությունն ու ոգու կամքը մի այլ կարգի պինդ են, խոսքը՝ հատու։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ։
Նիկո՛լ, ինչքան էլ թռնես վրեև, իջնես ցած, քրիստոնեությունը դո՛ւ չես, հավատը դո՛ւ չես, էս ազգը քեզանից «բեթար» չնայած չի ունեցել, բայց էս լևլն էլ կանցնենք»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի հայրենակիցները, գերագույն հայրենակցի ուղիղ հրահանգով, գերեվարել են (այլ ոչ թե «ձերբակալել») Մեր Մայր Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և նույն թեմի հոգևոր հովիվներ Տեր Փառենին, Տեր Մանուկին, Տեր Հայկին, տեր Մկրտչին և Տեր Ղևոնդին։
Ընդ որում, այս անգամ ևս Բաքվից հրահանգը տրվել է հրապարակավ՝ երկու օր առաջ, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Փաշազադեի շուրթերով։
Չգիտեմ՝ էլ ինչ պիտի անեն «հորս արև, լավ անողները», որ հասկանանք պարզ ճշմարտությունը. գործ ունենք բացահայտ օկուպացիոն ռեժիմի հետ։
Հ․Գ. Հայտնում եմ լիակատար սատարումս Սրբազան հորն ու Արժանապատիվ հայրերին։ Բայց իհարկե հասկանում եմ, որ ո՛չ սատարում հայտնելով է հարցը լուծվելու, ո՛չ էլ ֆեյսբուքում գրառումներ կատարելով»։

***

ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնություն ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով։
Փաստաբան Արա Զոհրաբյանն արդեն հայտարարել է Եկեղեցու հոգևորականներին և Թեմի աշխարհիկ աշխատակիցներին ազատությունից ապօրինի զրկելու մասին։ Ընդ որում, Թեմի առաջնորդի գտնվելու վայրն անգամ փաստաբանին չեն տեղեկացնում։
Իրեն դատարանի, դատախազի, քննիչի ու օպերատիվ աշխատակցի գործառույթներ է վերապահել վարչապետի պաշտոնում և անցել Եկեղեցու նկատմամբ քաղաքական հաշվեհարդարի իր սցենարի հերթական մասի իրագործմանը. սկզբում եկեղեցին վարկաբեկող ու պառակտող իշխանության քարոզչությամբ, իսկ հիմա արդեն՝ կոնկրետ գործողություններով։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են. ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայոց Եկեղեցու դեմ հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու սադրիչ, անհիմն մեղադրանքներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее