▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս ինձ զրկել եմ որդուս խնամելու հաճույքից. Հռիփսիմե Խուրշուդյան

Blognews.am-ը գրում է.

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնությունից և մայրանալուց հետո որոշակի դադար էր վերցրել սպորտում, սակայն վերադարձել է պարապմունքներին։ Հռիփսիմեն նպատակ ունի մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին։

Պարապմունքների պատճառով Հռիփսիմեն ստիպված է լինում քիչ տեսնել որդուն՝ 2-ամյա Աշոտին։ «Իհարկե, դժվար է, երբ բալիկիդ թողնում ես տանն ու գնում պարապմունքների, չես տեսնում, թե ամեն րոպե ինչպես է մեծանում, քայլում։ Պետք է ուժեղ կամք ունենաս, որ դիմանաս այդ ամենին, ես իմ մեջ ունեմ այդ հատկությունը և կարողացել եմ ուժ գտնել մեջս ու հեռանալ բալիկիցս։ Ես նպատակ ունեմ սպորտում և մի պահ պետք է ամեն ինչ մի կողմ դնեմ, որպեսզի կարողանամ ավարտին հասցնել նպատակս»,- նշեց ծանրամարտիկը։

Թեև Հռիփսիմեն վերադարձել է պարապմունքներին, սակայն փոքրիկ Աշոտը դեռ մանկապարտեզ չի գնում։ «Տղաս դեռ փոքր է մանկապարտեզ գնալու համար։ Նրա խնաքով մեծ սիրով զբաղվում է սկեսուրս՝ տիկին Օլյան։ Կցանկանայի ինքս զբաղվել, սակայն զբաղվածության պատճառով ինքս ինձ զրկել եմ այդ հաճույքից։ Ցավոք, 2 երնեկ մի տեղ չի լինում»,- ասաց Հռիփսիմեն, ով մեծ ոգևորությամբ էր խոսում որդու մասին։ «Տղաս իմ կյանքում շատ բան է փոխել։ Հիմա գիտակցում եմ, որ արդեն մայր եմ, բալիկ ունեմ. դա արդեն բավական է, քանի որ ընտանիք ու երեխա ունենալն ամեն կնոջ երազանքն է։ Շատ ուրախ ու երջանիկ եմ»,- ավելացրեց նա։

Ծանրամարտիկը նշեց, որ որդին շատ աշխույժ և խելացի է. «Ինչպես բոլոր երեխաները, շատ է սիրում խաղալ, քանդել:) Տատիկը լավ աշխատում է բալիկիս հետ՝ նա արդեն անգլերեն հաշվում է, երգում, ռուսերեն ասում է կենդանիների անունները»։

Հռիփսիմեի խոսքով՝ որդուն բոլորը նմանեցնում են ամուսնուն, սակայն ինչ-որ դեպքերում Աշոտը նաև իրեն է նման։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее