▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքս ինձ ցանկանում եմ ամեն ինչից ուրախանալ և երբեք չտրտնջալ․ Լիլի Էլբակյանը 31 տարեկան է

 

 Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը: Տոնական օրվա անակնկալների եւ ամենամեծ ցանկությունների մասին Լիլին պատմել է Life.panorama.am-ին:

 «Ծննդյանս օրվա անակնկալները սկսվել են դեռ կեսգիշերից: Առաջին անակնկալն արեցին իմ սիրելի Խամաճիկների պետական թատրոնի դերասանները, ովքեր այժմ «Մշակութային կանգառ» ծրագրով հյուրախաղերի են Լոռիում եւ Ստեփանավանում: Նրանք կեսգիշերին ֆեյսբուքով ուղիղ եթերով միացան, իսկ երբ տեսա, թե ինչ պատրաստություն են տեսել հատուկ ծննդյանս օրը շնորհավորելու համար, շատ հուզվեցի՝ տորթ, տոնական գլխարկներ, սուլիչներ եւ այլն: Մի խոսքով՝ ամեն հնարավորն արել էին ինձ ուրախացնելու համար, այսօր էլ կրկին ուղիղ միացմամբ, բայց արդեն մարզերի բնակիչների հետ միասին շնորհավորել են ինձ: Ի դեպ՝ հետաքրքիրն այն է, որ ընկերներիս միջնորդությամբ ինձ շնորհավորում են անծանոթ մարդիկ, ինչն էլ ավելի հաճելի է: Թատրոնն իմ երկրորդ, եթե ոչ առաջին տունն է, ուստի սիրելի թատրոնիս աշխատակիցների նման անակնկալը այս տարեդարձս անմոռանալի դարձրեց: Ես լիարժեք եմ իմ թատրոնով, այսօր էլ թեեւ ընկերներս թատրոնում չեն, բայց հասցրել եմ գնալ, կարոտս առնել ու հետո նոր միայն գալ տուն»,- պատմեց Լիլի Էլբակյանը՝ նշելով, որ գործընկերներին չի կարողացել միանալ, քանի որ երեկ ներկայացում ուներ Կամերիային թատրոնում:

Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը ժպիտով նկատեց.

«Քանի որ ներկայացման էի, ուշ գնացի տուն, երեխաներս էլ արդեն քնած էին, սակայն գիշերվա ընթացքում տղաս սովորաբար արթնանում է: Այս գիշեր էլ, երբ որդիս արթնացավ, ասացի՝ «Գիտես, այսօր մամայի ծնունդն է», նա էլ թե՝«Գիտեմ, արի պաչիկ անեմ»: Այդպիսով ծննդյանս ամենաքաղցր համբույրը ստացա: Դե իսկ առավոտյան աղջիկս երգեց ինձ համար, հետո քույր ու եղբայր պարեցին ու մամային շնորհավորեցին: Այսինքն՝ տոնական օրս ապահովված է»:

Ինչպես շատերը գիտեն՝ Լիլի Էլբակյանը չի սիրում ծննդայն օրը նշել, բայց ամեն տարվա նման, այսօր էլ նրա մայրը՝ ՀՀ Վաստակավոր արտիստուհի Աննա Էլբակյանը, դստեր համար տոնական խնջույք կկազմակերպի.

«Ինձ ճանաչողները գիտեն, որ չեմ սիրում ծննդայնս օրը նշել: Եթե բալիկներիս խնամքի հարցը չլիներ, գուցե հենց երեկ գիշեր վեր կենայի ու գնայի թատրոնի ընկերներիս մոտ՝ Լոռի: Այսօր էլ, երբ հորդառատ անձրեւ էր գալիս, մեքենայով գնում էի աշխատանքի, լսում էի Զեմֆիրա, ու հավատացեք՝ այդպիսով մեծ հաճույք էի ստանում ծննդյանս օրից: Բայց, ծնողներս ամեն տարվա նման չեն թողնի, որ ծննդյանս օրն անաղմուկ անցնի: Նրանք հաստատ հայկական խորոված կպատրաստեն ու մտերմիկ ընտանեկան երեկո ինձ կպարգեւեն: Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ծնողներիս, որ կան իմ կյանքում, մորս եմ շնորհակալ, որ մեծ դժվարությամբ ինձ ունեցել ու մեծացրել է, նրա բոլոր ապրումները ես զգում եմ հիմա, երբ ինքս էլ մայր եմ: Այսօր տոնական տորթ եմ նվիրելու մորս ու շնորհավորելու եմ նրան, քանի որ, ըստ իս, այս օրն ավելի շատ նրանն է, քան իմը»,- ընդգծեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее