▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանությո՞ւն, արտագա՞ղթ, թե՞ դեղերը միայն դեղատոմսով դուրս գրելու օրենք... Չենք տարբերակում կարևորն անկարևորից

Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ինքնասպանությունները կարծես թե աճի միտում են դրսևորում: Գրեթե ամեն օր,անկախ քո կամքից, իմանում ես, որ մարդիկ դիմել են ինքնասպանության. մեկն իրենց տան պատշգամբից է նետվում, մյուսը` երակները կտրում, մեկ ուրիշը` կախվում կամ դեղեր խմում ու նույնիսկ  իրեն սպանելու հետ մեկտեղ` սեփական երեխային սպանում: Այս ամենն անհանգստացնում է մեր հասարակությանը՝ միևնույն ժամանակ զգոնություն և սթափություն հաղորդում:

Սա խոսում է այն մասին, որ հասարակությունը ոչ միայն ավելի է աղքատացել, այլև հայտնվել է թշվառության ճիրաններում: Ինքնասպանությունների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են: Չկա ինքնասպանության մի դեպք, որն ուսումնասիրելիս չես բացահայտում, որ օրինակ` ինքնասպան եղածը գործազուրկ է եղել, ապրել է սոցիալապես անապահով պայմաններում ու չի կարողացել հոգալ իր երեխաների ծախսերը:

Մինչ երկրի խորհրդարանում, ինչ որ անէական օրենքներ են ընդունվում ու հարցեր քննարկվում,ավելին`երբեմն միմյանց վիրավորում տվյալ հարցի քննարկման ժամանակ, սովորական մարդիկ, անելանելի վիճակից դրդված`դիմում են իրենց կարծիքով միակ ելք համարվող, սակայն ճակատագրական քայլի:

Աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց` դրանց շնորհիվ ապրելու ցանկություն ու հնարավորություն տալու փոխարեն, դեղերը դեղատոմսով դուրս գրելու և հասարարակական վայրերում ծխելու դիմաց հսկայական տուգանքներ սահմանելու օրենքներ են ընդունում`առանց հասկանալու դրանց ոչ առաջնային լինելն ու առանց տեսնելու առավել կենսակարևոր խնդիրները:

Ինչևէ, ցավոք սա է այն միջավայրը, որում մենք ապրում, ու կարծես թե հարմարվել ենք` հուսալով, որ միգուցե կգա մի օր, որ մեր երկրում կտարբերակեն կարևորն ու անկարևորը, առաջնայինն ու երկրորդականը, միգուցե դրա շնորհիվ կանխեն տարեցտարի աճող ու արդեն անվերահսկելի դարձող արտագաղթը, ինքնասպանությունն ու սոցիալական վիճակով պայմանավորված այլ արատավոր երևույթների բազմացումը:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее