▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես խուսափել աղիքային վարակներից

 

Սկսվում է տարվա եղանակային տաք շրջանը: Աղիքային վարակներից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հանրությանը, ջրամատակարարում իրականացնող, սննդամթերքի ոլորտի, ամառային հանգիստ կազմակերպող և բնակչության սպասարկում իրականացնող կազմակերպություններին, մանկական դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին տեղեկացնում է մի շարք միջոցառումների և կանոնների մասին, որոնց իրականացումն ու պահպանումն անհրաժեշտ է աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար.

- խուսափել կրեմային հրուշակեղեն, թթվասերով կամ մայոնեզով աղցաններ օգտագործելուց,

- սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո, 

- սննդամթերքը և պատրաստի սնունդը պահպանել պատշաճ ջերմ աստիճանային պայմաններում`սառնարանում,

- գնումներ կատարելիս ընտրել թարմ`ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք,

-  չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիք, հյութեր, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

- բացառել տեղում կամ արագ պատրաստվող սննդի օգտագործումը,

- սնունդը պատրաստել փոքր չափաբաժիններով, լավ եփել կամ տապակել՝ դրանք պահելով փակ տարաներում և սառնարանում,

- առանձնացնել հում սննդամթերքը եփածից,

- խստորեն հետևել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, ամեն անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո,

- եթե ձեր բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո,

- խմելու ջրի մատակարարման անջատումների դեպքում խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից`անգամ կենցաղում օգտագործելու նպատակով, 

- խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել և՛ ՀՀ առողջապահության նախարարություն և՛ ձեր տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին,

- արգելել երեխաների լողը դեկորատիվ ջրավազաններում, քանի որ դրանք նախատեսված չեն լողիհամար:

Աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններն են`լուծը, թուլությունը, սրտխառնոցը, փսխումը, որոնք կարող են ուղեկցվել նաև ջերմության բարձրացմամբ։

Նշված ախտանշանների դեպքում հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժմամբ, խուսափել անհարկի հակաբիոտիկներ օգտագործելուց և անմիջապես դիմել բժշկական օգնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее