▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես խաբել մարդկանց՝ չկայացած դասընթացի գումար գանձելով եւ աշխատանք խոստանալով

«Հետք»-ը գրում է․ «Անի Ավետիսյանը 2023 թվականին երիտասարդական մի ծրագրի շրջանակում ծանոթացավ Մարատ Ղուկասյանի հետ։ Մարատն այդ ժամանակ 19 տարեկան էր։

Նա ասել է, որ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է և իր կազմակերպության համար մշակութային բաժնի ղեկավար է փնտրում, Անիին աշխատանքային առաջարկ է արել։ 

Անին համաձայնել է, որից հետո նրանք մի քանի անգամ հանդիպել են։

«Մարատն ինձնից պարտքով մի քանի անգամ գումար է ուզել, մերժել եմ, միայն մի անգամ եմ տվել, հետո մի կերպ հետ վերցրել»,-ասում է Անին։

Աշխատանքը քննարկելու համար Անին ու Մարատը հանդիպել են Երևանի տարբեր սրճարաններում։ Երբ Անին հարցրել է, թե ինչու գրասենյակում չեն հանդիպում, Մարատը պատճառաբանել է, թե գրասենյակը գյուղում է, առավել հարմար է որևէ սրճարանում հանդիպել։

«Հանդիպումների ողջ ընթացքում Մարատը ճաշում էր, երբ խնդրում էի, որ գործից խոսենք, ասում էր, որ քաղցած է, պետք է ճաշի, ապա նոր կարողանա քննարկել։ Երբ հաշիվը վճարելու պահը գալիս էր, զանգահարում էր իր ՀԿ-ին կամավորագրված երիտասարդներին և ասում, որ անդամավճարները վճարելուն հաշված րոպեներ են մնացել ու ստիպում էր, որ վճարեն գումարները, այդպիսով փակում սրճարանի հաշիվը: Ինձ սկզբում թվում էր, թե մեկը մյուսի հետ կապ չունի, ուղղակի զուգադիպում է, բայց երբ մի քանի անգամ նույն դեպքը կրկնվեց, հասկացա, թե ինչ է կատարվում»,-պատմում է Անին։

Նրա խոսքով, դեպքեր են եղել, որ տարբեր մարդիկ, իմանալով, որ համագործակցում է Մարատի հետ, զգուշացրել են, որ ուշադիր լինի, քանի որ կարող է հետագայում Մարատի պատճառով տհաճ պատմությունների մեջ հայտնվել։

Անին պատմում է, որ Մարատը պարբերաբար ներգրավում էր նոր մարդկանց, մասնակցում էր երիտասարդական տարբեր ծրագրերի, նոր ծանոթություններ ձեռք բերում և բոլորին առաջարկում ներգրավվել իր ՀԿ-ի աշխատանքներում։ Բոլոր երիտասարդներից Մարատը պարտադիր անդամավճարներ էր պահանջում։ 

«Որոշ ժամանակ անց արդեն հասկացել էի, որ Մարատը ոչ մի լուրջ բանով էլ չի զբաղվում, իսկ մշակութային բլոկն այդպես էլ չի աշխատում, հետ պահանջեցի իմ գումարը, երկարատև բանակցություններից հետո, մի քանի անգամ իրեն դիմելուց հետո, ի վերջո, գումարը հետ փոխանցեց։ Ինձ թվում էր, թե Մարատը դադարեցրել է իր գործունեությունը, բայց հետո իմացա, որ շարունակում է, ավելին՝ նոր նախագծեր ունի»,-պատմում է Անին։

Այս տարի Մարատ Ղուկասյանն ընդլայնել է գործունեությունը, հաշվապահական, մարքեթինգային դասընթացներ է կազմակերպում՝շրջանավարտներին խոստանալով լավ պայմաններով, բարձր աշխատավարձով աշխատանք։ «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները, սակայն, այլ բան են պատմում Մարատ Ղուկասյանի և նրա հիմնադրած ընկերության գործունեության մասին։

Մեր մեկ այլ զրուցակից՝ Արմինեն (անունը փոխված է) պատմում է, թե ինչպես է միացել Մարատ Ղուկասյանի նախաձեռնությանը։

«Մոտավորապես չորս ամիս առաջ Մարատը տարբեր կայքերում հայտարարություններ էր տեղադրում, թե իրենց թիմին աշխատակիցներ են պետք։ Ինձ առաջարկել էր զբաղվել ծրագրերի համակարգմամբ՝ սկզբում որպես ծրագրի օգնական, հետո նաև՝ ղեկավար։ Նման առաջարկներ ստացել էին նաև իմ ծանոթներից մի քանիսը։ Ես Գյումրիից եմ, ու Գյումրիից էլի մարդիկ միացել էին»,-պատմում է նա։

Մարատը Արմինեից անդամակցության վճար է պահանջել՝ 15 հազար դրամ, մեկ այլ մասնակցից՝ 10 հազար դրամ։

«Մյուս մասնակիցների աշխատանքի էությունը կայանում էր նրանում, որ պետք է պատրաստեին ինֆոգրաֆիկաներ, յուրաքանչյուրի համար Մարատը խոստացել էր վճարել 2-3 հազար դրամ։ Բայց ոչ այդ գումարները վճարվեցին, ոչ էլ անդամակցության գումարը վերադարձվեց»,-ասում է նա։

Արմինեն մի քանի անգամ փորձել է կապ հաստատել Մարատի հետ, բայց նա զանգերին ու նամակներին չի պատասխանել։ Սկզբում ասել է, թե անդամակցության գումարը չի վերադարձնի, որովհետև «կազմակերպության կանոնադրությամբ այդպես է»։ Հետագայում խոստացել է վերադարձնել, բայց Արմինեն մինչ օրս գումարը չի ստացել։

«Գումարը ես փոխանցել եմ նրա անձնական հաշվեհամարին՝ Մարատ Ղուկասյանի անվան տակ։ Մինչդեռ նա ներկայանում էր որպես Մարատ Ալեքսանյան։ Ոստիկանություն դիմածների մասին էլ եմ լսել, բայց գործը, կարծեմ, ընթացք չի ստացել։ Հետո հասկացա, որ սա նոր բան չէ, նա նաև սերտիֆիկատներ է վաճառել, դասընթացների դիմաց գումար վերցրել, բայց չի կազմակերպել։ Մարդիկ 10-15 հազար դրամ, հաճախ ավելի մեծ գումարներ են վճարել»,-ասում է Արմինեն։

Հիմնական շփումները, Արմինեի խոսքով, եղել են «Տելեգրամ»-ի միջոցով։ Նա հաճախ երկկողմանի ջնջում է նամակագրությունը, որպեսզի ապացույցներ չմնան։ 

Արմինեն ասում է, որ ցանկանում է հանրայնացնել թեման, որպեսզի ուրիշներն էլ չդառնան նրա զոհը։

Լիանա Սարգսյանն աշխատանք փնտրելիս տեսել է Մարատ Ղուկասյանի հայտարարությունը, դիմել, բայց աշխատանքի փոխարեն դասընթացի համար գումար է վճարել, աշխատանք էլ չի գտել։

«Սոցիալական ցանցերում հայտարարություն տեսա՝ գրասենյակային աշխատանքի մասին էր։ Առաջարկը գրավիչ էր, հեռանկարային պայմաններով, լավ աշխատավարձով։ Գրեցի, նրանք էլ անմիջապես արձագանքեցին»,-պատմում է նա։

Դասընթացի համար վճարումից հետո երկար ժամանակ սպասել է: Դասընթաց կազմակերպելու, ապա աշխատանքի տեղավորելու խոստումներն անընդհատ հետաձգվել են: Մարատը մեկ պատճառաբանել է, թե մարզպետարանի հետ կապված խնդիրներ կան, մեկ՝տարածքի հատկացման, մեկ ուրիշ անգամ, թե նոր գրասենյակ են տեղափոխվում։

«Ես միայն իր հետ եմ շփվել։ Մյուսների մասին ոչինչ չգիտեմ։ Չգիտեմ՝ քանի՞ հոգի են, ովքե՞ր են։ Անգամ կասկածում եմ, որ Մարատն իր իսկական անունն է։ Հիմնականում թիրախավորվում են ուսանողներն ու երիտասարդները»,- ասում է Լիանան։

Լիլիթ Առաքելյանն այս տարվա մայիսից է միացել ֆեյսբուքյան խմբին, որտեղ Մարատ Ղուկասյանն աշխատանքի հայտարարություններ էր տարածում։ 

«Մեզ ասում էր, թե 140 000 դրամ աշխատավարձով աշխատանք է առաջարկում, գումարած՝ բոնուսներ։ Աշխատանքն էլ օնլայն էր։ Բայց մի բան կասկածելի էր՝ միայն հաշվապահների համար էր աշխատանքը։ Ո՞նց կարող է մի դրամաշնորհի համար 40-50 հաշվապահ պետք լինի։ Մարատն ասում էր՝ վերապատրաստում են անելու, հետո ձեզ աշխատանք կտանք»,-պատմում է Լիլիթը։

Այդպես էլ ոչ մի դասընթաց չի եղել, ոչ ոք աշխատանքի չի տեղավորվել: 

«Ոմանք վճարել են 15 հազար, մյուսները՝ 20, 25 կամ 30 հազար դրամ։ Ես էլ էի վճարել։ Հետո տարբեր խմբերից աղջիկներ սկսեցին իրար գտնել։ Բոլորս բոյկոտում էինք, փաստորեն ստացվել էր այնպես, որ բոլորիս խաբել էր։ Ֆեյսբուքյան տարբեր խմբերում հայտարարություններ էինք գրում, որ մարդիկ նույնպես չխաբվեն։ Մի քանիսը նույնիսկ նախորդ տարիներին էին խաբվել, այլ նախագծերի շրջանակներում»,- ասում է Լիլիթը։

 Նրա խոսքով, մի անգամ են դասընթացի դիմած մասնակիցները հանդիպել, Մարատը հանդիպում է կազմակերպել, տարածք վարձակալել։ 

«Ասում էր՝ դա իբր դաս է, բայց իրականում ծանոթություն էր։ Նկարեցին բոլորիս, նկարները հավաքում էր, որ հետո ցույց տա, որ հաշվապահների դաս անցկացրել է, բայց դա դաս չէր, հետո հասկացա, որ հետագայում ուրիշներին մոլորեցնելու համար էր արվում այդ ամենը»,-ասում է Լիլիթը։

Մարատ Ղուկասյանը դասընթացի մասնակիցներին տարբեր ժամանակներում խոստացել է պայմանագրեր կնքել, բայց ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել։ 

Լիլիթը պատմում է, որ Մարատը ամեն անգամ հայտարարությունների տեքստերը փոփոխում է, որ մարդիկ չճանաչեն, չիմանան, որ ինքն է, երբեմն նույնիսկ հայտարարությունները ֆեյսբուքյան խմբերում անանուն է տեղադրում։

«Վերջում արդեն անցել է վիրավորանքի։ Ասում է՝ թքած ունեմ ձեր փողերի վրա։ Մի օր ասում է՝ 600 հազար դրամ եմ ծախսել ՀԿ֊ի միջոցներից, ինձ էլ են խաբել, դասընթացավարը խաբել է, չի եկել, մի օր ասում է, թե առաջիկայում բոլոր նախագծերը կիրականացվեն, ասում է, թե ուզում է, որ մեր օգնությամբ լավ կազմակերպություն ստեղծի։ Շատ խառը պատմություններ է հորինում, բայց մի բան է պարզ՝ ինքը խաբում է մարդկանց և դրա հաշվին գումար աշխատում։ Հիմնականում իր թիրախում աղջիկներն են, եթե հայտարարություն է տարածում, տղաներին չի արձագանքում, որպեսզի հետո գլխացավանքի մեջ չընկնի»,-նշում է Լիլիթը։

Նրա խոսքով, թեև Մարատ Ղուկասյանն ասել է, որ գումարները փոխանցվում են կազմակերպության հաշվին, բոլորն իրենց փոխանցումները կատարել են Մարատ Ղուկասյանի անձնական հաշվեհամարին։ Չնայած բոլոր փաստաթղթերում, ընտրողների ռեգիստրում Մարատը գրանցված է Ղուկասյան ազգանվամբ, նա ներկայանում է Ալեքսանյան ազգանունով։ Մարատ Ալեքսանյան անուն ազգանունով է գրանցված նաև սոցիալական ցանցերում։ Ներկայանալիս որպես ազգանուն նշում է Ալեքսանյանը։

Մարատ Ղուկասյանի գործունեությունից տուժածները կարծում են, որ նա հատուկ է այլ ազգանուն ընտրել ներկայանալու համար, որպեսզի իր անձի նույնականացումը դժվար լինի։

«Անգամ եթե ոստկանությունում հաղորդում տանք, կամ դիմենք իրավապահ մարմիններին, բոլորը նրան որպես Մարատ Ալեքսանյան են ճանաչում, այդ անուն ազգանունով են դիմելու, իսկ փաստաթղթերով նա Ղուկասյան է, դիտավորյալ նույնականացնելու խնդիր է ստեղծում»,-ասում է Լիլիթը։

Հոդվածը գրելու ամբողջ ընթացքում մեր խմբագրություն պարբերաբար նոր մարդիկ էին դիմում և նույնանման պատմություններ պատմում Մարատ Ղուկասյանի գործունեության վերաբերյալ։ Մարդիկ վճարել են 15-30 հազար դրամ՝ խոստացված դասընթացների ու աշխատանքի համար, բայց ոչինչ չեն ստացել։

 «Հետքը» պարզաբանման համար դիմել է Մարատ Ղուկասյանին։ Հանդիպման ժամանակ Մարատ Ղուկասյանն ասաց, թե ինքն անձնական պատճառներից ելնելով փոխել է իր ազգանունն ու հիմա Ալեքսանյան է։ Պատճառների մասին չցանկացավ խոսել։

Ասաց, թե իրենից բողոքող մարդիկ իրենք են հրաժարվել իր ծառայություններից։ Սկզբում ասաց, որ 2023-ին հասարակական կազմակերպություն է ստեղծել, բայց այժմ գործունեություն է ծավալում մեկ այլ կազմակերպության՝ «Արֆի» հիմնադրամի անվան տակ։

Բոլոր բողոքները Մարատն անհիմն է որակում, ասում է, որ հիմնադրամն առաջարկում է 10-ից ավելի կրթական ծրագիր, որոնք իրականացվում են հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Այսինքն՝ կրթական ծրագրերը, դասընթացները, որ առաջարկում է Մարատ Ղուկասյանը, համաֆինանսավորում է իր ղեկավարած «Արֆի» հիմնադրամը։ Հիմնադրամի ֆինանսական աղբյուրների մասին Մարատ Ղուկասյանը հստակ ոչինչ չի ասում։

«Արֆի հիմնադրամը էս պահին կազմակերպում է կրթական, սոցիալական, սպորտային ու մշակութային բնույթի նախագծեր։ Դասընթացները տարբեր են՝ մարկետինգի տարբեր ճյուղերի մասով՝ ՍՄՄ, գրաֆիկ դիզայն, շուտով՝ նաև ռիլմեյքինգ։ Առանձին ունենք նաև հաշվապահության դասընթացներ։ Յուրաքանչյուր ճյուղի համար կա 1 խումբ՝ օնլայն կամ գրասենյակային տարբերակով։ Մարդիկ գալիս են մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 40 կամ Սայաթ-Նովա 17 հասցեներով ու ստանում են ծառայություններ։ Գումարային մասով մեր մոտ տատանումը էսպես է՝ եթե պայմանական 50 հազար դրամ արժի դասընթացը, դրա 40-50 տոկոսը հիմնադրամն է համաֆինանսավորում»,- ասաց նա։

Մեր խմբագրություն դիմած քաղաքացիները նշում էին, որ դասընթացներին գրանցվածները աշխատանք չեն ստացել։ Մարատը վստահեցրեց, որ պայմանավորվածությունները հստակ ամրագրված են եղել։

«Ընդհանուր դիմորդներից ընտրվում են լավագույններն ու անցնում աշխատանքի, ծրագիրը չի ավարտվել, որ իրենք էլ որոշել են, որ աշխատանք չեն ստացել։ Երկու անգամ տեխնիկական խնդիրների պատճառով դասընթացները հետաձգվել են, եղել է, որ կազմակերպել ենք, քիչ մարդիկ են միացել, որոշ դեպքերում մարդիկ չեն մասնակցել դասընթացներին, բայց սպասել են անմիջապես աշխատանքի։ Գուցե Ձեզ հենց նրանք են դիմել, որոնք չեն մասնակցել։ Կան պայմանագրերի նախնական նախագծեր»,-ասաց նա։

Մարատ Ղուկասյանին նաև հարցրինք՝ արդյոք ընկերությունը պայմանագիր կնքում է դասընթացի մասնակցի հետ։ Վերջինս հավաստիացրեց, որ բոլորի հետ կնքվում են ծառայությունների մատուցման պայմանագրեր, և որ դրանց մեջ գումարի վերադարձի մասին որևէ կետ չկա։

«Հետքի» խմբագրություն դիմած երիտասարդներից և ոչ մեկի հետ Մարատ Ղուկասյանը պայմանագիր չէր կնքել, ավելին՝ սկզբում ոչ թե դասընթաց էր առաջարկել, այլ միանգամից աշխատանքի տեղավորման հայտարարություններ տեղադրել։ Մասնակիցները ընթացքում էին իմանում, որ աշխատանքի անցնելու համար պետք է վճարովի դասընթաց անցնեն։ Գումարը վճարում էին, բայց ոչ դասընթացն էր կայանում, ոչ էլ խոստացված աշխատանքին էին անցնում։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Մարատ Ղուկասյանի անձնագրային տվյալներով միայն մի կազմակերպություն է գրանցված՝ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն։ Այն գրանցվել է 2023-ի հոկտեմբերի 17-ին։ Հիմնադիրը Մարատ Ղուկասյանն է։ Այն պնդումը, որ Մարատ Ղուկասյանն ամիսներ առաջ նոր կազմակերպություն է հիմնել, որի անունը «Արֆի» է, իրականությանը չի համապատասխանում։ Համենայն դեպս, այդ մասին ոչ մի տեղեկություն առկա չէ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее