Վերջերս Արարատի մարզի Հովտաշատ գյուղի շուկայում հանդիպել էին թուրքական լոլիկներով բեռնված արկղեր, որոնք մակնշված են եղել ռուսերեն գրությամբ «Карабах»:
Լոլիկն, ի դեպ, վաճառվել է Հայաստանի մի շարք պտուղ-բանջարեղենի վաճառքի կետերում: Դա մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատեցին վաճառողները: Նրանց խոսքով՝ խանութներում վաճառվում է նաև թուրքական խնձոր՝ 1000-1500 դրամի սահմաններում:
«Հայկական լոլիկը հիմնականում արտադրում են ջերմոցում և մեր ջերմոցատերերը, որոնք վարկեր են վերցնում, ապրանքի գնին ավելացնում են նաև վարկերի հետ կապված ծախսերը, սրան գումարվում է նաև գազի գինը ու այս ամենը հանգեցնում է լոլիկի ինքնարժեքի բաձրացման:Արդյունքում, բերում են թուրքական լոլիկը, որն ավելի էժան է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ շատ լուրջ հսկողություն պետք է սահմանվի, տեղական արտադրողին էլ պետք է լավ հնարավորություններ տան, որպեսզի կարողանա ապարանքն իրացնել մեր շուկայում: «Հարկային արտոնություններ են անհրաժեշտ, որոնք արդյունքում կունենանք աշխատատեղեր, ապրանքային արտադրություն, իրացման ծավալներ և ՀՆԱ-ի մեծացում»,-ընդգծեց Վազգեն Սաֆարյանը:
Իսկ, թե ինչպե՞ս տարբերակել հայկական լոլիկը թուրքականից հարցին էլ անդրադարձավ «Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը՝ նշելով. «Թուրքական լոլիկը կարմիր է, հայկականը՝ վարդագույն: Թուրքականի դեպքում առկա է ներկանյութ»:
Անի Կարապետյան


