▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են բազմազան, ազդեցիկ և նվիրված մարդիկ համախմբվում Օրրանի գաղափարի շուրջ

Asekose.am-ի զրուցակիցն է «Օրրան» բարեգործական ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանը։

Օրրանը վերջերս նշեց իր 25-ամյակը՝ քառորդ դար գործունեություն ծավալելն ու ավելի քան 30,000 մարդու աջակցելը մեծ ձեռքբերում է։

Հատկապես տպավորիչ էր, որ այս հոբելյանական օրն աշխարհի տարբեր անկյուններից ժամանել էին աջակիցներ՝ միասին նշելու համար։

Միջոցառմանը ներկա էին ինչպես հանրային, այնպես էլ բիզնես ոլորտի պատկառելի գործիչներ և դեմքեր։

Հաճելի անակնկալ էր բեմում տեսնել հանրահայտ մարդկանց՝ Արտակ Հերիքյանին, Էռնա Էլիզբարյանին, Գոհար Գասպարյանին, Հերմինե Ստեփանյանին, Լարիսա Հովհաննիսյանին, ինչպես նաև «ԱրմԱս» գինու գործարանի գործադիր տնօրեն Վիկտորիա Ասլանյանին՝ որպես հանդիսավարներ։ 

Ինչպե՞ս եք կարողանում համախմբել այսքան բազմազան, ազդեցիկ և նվիրված մարդկանց՝ Օրրանի գաղափարի շուրջ։

Ուրախ եմ, որ այս հարցը տվեցիք, որովհետև այս մարդիկ մեզ համար պարզապես աջակիցներ չեն՝ նրանք Օրրանի մեծ ու ամուր ընտանիքի անբաժան մասն են։

Արտակը, Սեդան և Հերմինեն մեզ հետ են Օրրանի հիմնադրման առաջին օրվանից։ Էռնան, Գոհարը և Լարիսան մի փոքր ուշ են միացել։ Վիկտորիան նույնպես վաղուց Օրրանի ընտանիքի անդամ է։

Նա եղել է Օրրանի տնօրենների խորհրդի անդամ և նույնիսկ երկու անգամ մեկնել է Ամերիկա՝ Օրրանի բարեգործական ընթրիքներին ներկա գտնվելու և Օրրանի համար դրամական միջոցներ ապահովելու համար։ 

Ի դեպ Վիկտորիան ճանաչվաճ անձնավորություն է գործարար աշխարհում։ 

Վիկտորիան բացառիկ անհատականություն է, լավագույն օրինակը, թե ինչպես կարող է բիզնեսը կանգնել հասարակական խնդիրների կողքին և իսկապես փոփոխություն բերել։

Չեմ հիշում մի դեպք, երբ ես որևէ խնդրով դիմեմ Վիկտորիային։ Նա միշտ առաջինն է արձագանքում, երբ օգնություն է պետք։ Ամեն տարի սիրով նվիրաբերում է իրենց բացառիկ գինիներն ու կոնյակները մեր բարեգործական երեկոների համար թե’ Երևանում, թե’ Լոս Անջելեսում։

Ձեր կողքին կանգնած են նաև մի շարք հայտնի և սիրված սպորտսմեններ, այդ երեկո հյուրերը նաև լսեցին Նազիկ Ավդալյանի խոսքը։

Նազիկ Ավդալյանը Օրրանի երկար տարիների բարեկամն է։ Օրրանի ընկերների շարքում են Արթուր Ալեքսանյանը, Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը նաև Հենրիխ Մխիթարյանը, որոնք տարբեր ձևերով աջակցում են Օրրանին։ Օրինակ՝ Հենրիխ Մխիթարյանը 8 տարի անընդմեջ նվիրում է իր մարզաշապիկը, որը բարեգործական ընթրիքին դրվում է աճուրդի։ 

Հաճելի էր նաև տեսնել, թե որքան շատ մարդիկ էին հատուկ այս օրվա համար ժամանել արտասահմանից։ Ո՞րն  է Օրրանի գաղտնիքը։

Այո, ճիշտ եք, հյուրեր ունեինք ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆրանսիայից և Իսպանիայից։ Կարծում եմ՝ գաղտնիքը ազնվության, թափանցիկության ու հաշվետու լինելու մեջ է։  

Նվիրատուն պետք է զգա քո անկեղծ ոգևորությունն ու նվիրվածությունը, բայց նաև տեսնի դրա արդյունքը։ Նա պետք է վստահ լինի, որ իր նվիրաբերած յուրաքանչյուր դրամն օգտագործվում է խելամիտ ու նպատակային։

Ֆինանսական թափանցիկությունը նույնպես չափազանց կարևոր է։ Այդ իսկ պատճառով մենք ամեն տարի զգալի գումար ենք հատկացնում՝ անկախ աուդիտ անցնելու համար, որպեսզի մեր ֆինանսական գործունեությունը մշտապես թափանցիկ ու վստահելի լինի։

Ի՞նչ կցանկանաք, որ Օրրանը խորհրդանշի մարդկանց համար։  

Կարիքավոր մարդկանց համար կցանկանայի Օրրանը լինի այն վայրը, որտեղ նրանք կարող են գտնել աջակցություն ու հոգատարություն։ Հասարակական կազմակերպությունների համար՝ Օրրանը պետք է ծառայի որպես լավ օրինակ։ Ընդհանուր առմամբ, ուզում եմ մարդիկ իմանան, որ Օրրանը իրականացնում է հիանալի ու կարևոր աշխատանք, որն ունի մեծ ազդեցություն։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее