▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է նիհարել Ժաննա Բուտուլյանը

Ժաննա Բուտուլյանը կիսվում է մարմնի խնամքի, կազմվածքը պահպանելու եւ գեղեցիկ մնալու իր գաղտնիքներով

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը Life.panorama.am-ի հետ այսօրվա զրույցում պատմեց, թե ինչպե՞ս է խնամում մարմինը, ինչպե՞ս է հոգ տանում եղունգների մասին եւ կիսվեց աղջիկների համար ամենակարեւոր խնդրի՝ դիետաների, կազմվածքը պահանելու իր բանաձեւով:

Դերասանուհին նկատեց, որ կազմվածքը պահպանելը խիստ կարեւորում է, բայց սպորտով զբաղվում է, երբ ունենում է բարձր տրամադրություն. «Երբ լավ տրամադրություն եմ ունենում, կամ իմ կյանքում հաճելի շրջան է լինում, պարտադիր զբաղվում եմ սպորտով, իմիջայլոց, այդ ժամանակ տրամադրությունս էլ ավելի է բարձրանում: Ի դեպ սպորտի նկատմամաբ սերս դեռ մանկուց է արտահայտված եղել, քանի որ հաճախել եմ լողի եւ բասկետբոլի: Նշեմ նաեւ, որ երբեք երկրատեւ միեւնույն սպորտաձեւով չեմ զբաղվում, այսինքն՝ մի որոշ ժամանակ կարող եմ զբաղվել վազքով, որոշ ժամանակ մարմնամարզությամբ, որոշ ժամանակ յոգայով եւ այսպես շարունակ: Միեւնույն երկարատեւ աշխատանքը կատարելուց ձանրձանում եմ եւ կորցնում եմ հետաքրքրությունս, ինչի հետեւանքով արդյունք չեմ ստանա»,- նշեց Ժաննան: 

Դերասանուհին նկատեց, որ հեշտությամբ է նիհարում, բայց միաժամանակ, շատ հեշտորեն էլ գիրանում է, այդ իսկ պատճառով Ժաննան հաճախ է հետեւում կազմվածքին, երբեմն նաեւ դիմում է դիետաների օգնությանը. «Ինչպես եւ սպորտի ուղղությունները, այնպես եւ դիետաների տարբերակները ես շատ հաճախ եմ փոփոխում. հոգեբանորեն ինձ մոտ տպավորված է, որ յուրաքանչյուր դիետա օգնում է մեկ անգամ: Շատ տանջող դիետաներ ես չեմ պահում, քանի որ նման միջոցը նիհարելու համար շատ սխալ եմ համարում: Հիմնականում 18:00-ից հետո փորձում եմ չծանրաբեռնել օրգանիզմս եւ քիչ ուտել, բայց միաժամանակ, հետաքրքիր եւ իմ կողմից փորձված  միջոց կարող եմ առաջարկել՝ ես կարող եմ սնվել միայն երեկոյան եւ բաց թողնել նախաճաշը կամ ճաշը: Ինձ համար փորձված մեթոդ է, երբ օրվա ընթացքում բաց եմ թողնում կամ նախաճաշը, կամ ճաշը, կամ ընթրիքը: Պետք է նկատեմ, որ իմ օրգանիզմը հակված է գիրանալու, բայց, ի ուրախություն ինձ, նաեւ շատ շուտ եմ նիհարում, ես էլ օրգանիզմս դիետաների միջոցով ավելորդ ստրեսի չենթարկելու համար փորձում եմ ավելի շատ ճիշտ սնվել, առհասարկ ճիշտ է, երբ մարդ իր ողջ կյանքի ընթացքում հետեւում է ճիշտ սննդակարգի, այսինքն՝ պետք է սնվել հաճախ, բալանսավորված եւ մաքուր»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով մարմնի խնամքին՝ դերասանուհին նշեց. «Նախեւառաջ պետք է ասեմ, որ ինձ համար խնամքով զբաղվելը մանրակրկիտ աշխատանք է եւ պետք է ջանքեր գործադրել արդյունքի հասնելու համար: Ես շատ եմ սիրում անձամբ զբաղվել իմ խնամքով, իսկ իմ խնամքի գլխավոր «հրաշագործը» սովորական ջուրն է, այն կարող է ապահովել թե մարմնի, թե դեմքի, թե կազմվածքի եւ թե անգամ վարսերի գեղեցկությունը: Կոնկրետ ես օրական խմում եմ ամենաքիչը երկու լիտր ջուր, ինչն անդրադառնում է իմ մարմնի եւ կազմվածքի վրա, ի դեպ, ջուրը հիմնականում խմում եմ սառույցով, երբեմն էլ դրա մեջ լցնում եմ մանրացված կիտրոն կամ վարունգ, դա շատ լավ է անդրադառնում օրգանիզմի վրա, անգամ օգնում է նիհարել»:

Ժաննան նկատեց նաեւ, որ արհեստական, դեկորատիվ խնամքի միջոցներին այնքան էլ նախապատվություն չի տալիս. «Աշխատում եմ մարմնիս գեղեցկությունը պահպանել բնական միջոցներով, հաճախ եմ դիմում խոնավեցնող միջոցների եւ դեկորատիվ քսուկներից էլ միայն խոնավեցնող տարբերակներից եմ օգտվում»:

Դերասանուհին առաջարկեց մարմնի թարմությունն ու փափկությունը պահպանելու  իր բաղադրատոմսը. «Ես ունեմ մի հետաքրքիր, պարզ եւ մատչելի միջոց՝ լոգանքի գելի մեջ ավելացնում եմ սովորական աղացած սեւ սուրճ, հավատացեք, սա շատ էֆեկտիվ միջոց է մարմնի գեղեցկության ու փափկության համար, այն նաեւ ավելի ձգում է թույլ մաշկը»,- նշեց նա:

Իր խնամքի ամենակարեւոր մասնիկը Ժաննան համարում է եղունգները: Մեզ հետ զրույցում դերասանուհին նկատեց, որ մշտապես մեծ ուշադրություն է դարձնում ձեռքերի եւ եղունգների խնամքին. «Երբ եղունգներս խնամված եւ ներկված չեն լինում, ես ինձ լիարժեք գեղեցիկ համարել չեմ կարող: Եղունգներս ամրացնելու համար օգտագործում եմ կիտրոնի հյութ, մատներս դրա մեջ դնում եմ շաբաթական մեկ անգամ՝ 15 րոպե տեւողությամբ»,- պատմեց դերասանուհին:

Ժաննան նկատեց, որ կնոջ խնամքի հարցում շատ է կարեւորում դիմահարդարումը. «Ես շատ եմ սիրում դիմահարդարվել, այդ սերը ինձ մոտ դեռ մանկուց է արտահայտված եղել: Հիշում եմ, երբ փոքր էի, խնդրում էի մայրիկիս, որպեսզի թույլ տա օգտվել իր դիմահարդարման պարագաներից, եւ երբ մի շրթներկ էի քսում, այդ օրն ինձ համար տոն էր: Մինչև օրս էլ շատ եմ սիրում դիմահարդարման ընթացքը, սիրում եմ գեղեցիկ դիմահարդարվել, բայց չանցնել չափը՝ չեմ սիրում չափազանց արտահայտված թարթիչներ, լինզաներ, շրթներկի հյութեղ եւ վառ երանգներ: Առօրյայում էլ թեկուզեւ թեթեւ, բայց համարյա միշտ դիմահարդարված եմ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее