hraparak.am-ը գրում է. Համացանցային լրատվամիջոցները, մրցակցության մեջ մտնելով ավանդական լրատվամիջոցների հետ, կարող են նաեւ նրանց հետ համագործակցել եւ աշխատել:
Մեր իրականության մեջ դրա վառ օրինակը asekose.am կայքն է, որի «Փոփ Արտ», «CV», «Կտոր M Հայաստան», «Թոփ տես», «Բացարձակ արժեք» հաղորդումները տեսնում ենք ոչ միայն համացանցում, այլև «Արմնյուզ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների եթերում։
Այսպես, «Փոփ Արտ»-ը հաղորդում է շոուբիզնեսի աստղերի մասին։ Այս հաղորդման շրջանակում «մերկացվում» է շոու բիզնեսի ներկայացուցչի գործնական, անձնական կյանքը, վեր հանվում անվան հետ կապված սկանդալային պատմությունները։
«CV» հաղորդումը անդրադառնում է հայտնի մարդկանց կյանքի պատմություններին, ի տարբերություն նախորդի՝ այստեղ կա մեկ զրուցավար և մեկ պատասխանող կողմ։ «Կտոր M Հայաստանն» էլ պատմում է Հայաստանի հանդեպ սերն իրենց գործում և հայկական ոգին իրենց սրտում ու մտքում ունեցող մարդկանց մասին:
Հայտնի ու անհայտ հյուրեր, ովքեր աշխարհի ցանկացած անկյունում ստեղծում, պահպանում ու փայփայում են իրենց «Կտոր M Հայաստան»-ը:
«Թոփ տես»-ը հաղորդում է շաբաթվա հետաքրքիր իրադարձությունները ու դրանց մասին համացանցի ու մամուլի արձագանքը՝ ներկայացնելով դրանք մեկ հաղորդման մեջ:
«Բացարձակ արժեք» հաղորդումը վարում է գրող Արմեն Շեկոյանը։ Այս հաղորդման ընթացքում նրան հյուրընկալվում են հասարակությանը հայտնի մշակութային, քաղաքական գործիչներ՝ խոսելով իրենց աշխարհաքաղաքական հայացքների մասին։
Asekose.am-ի հեռուստահաղորդումների խմբագիր Անահիտ Հարությունյանը պատմեց, որ իրենք խնդրել են հեռուստատեսություններին տրամադրել եթերաժամեր, որպեսզի ներկայացնեն իրենց հաղորդումները։ «Ես շատ ուրախ եմ, քանի որ նրանք գնահատեցին մեր աշխատանքը, և այժմ մենք եթերում ենք։ Ես գտնում եմ, որ, այո, լրատվական կայքը նույնպես կարող է ունենալ նման հաղորդում և դա շատ լավ է։ Ես նկատել եմ, որ այժմ հեռուստաընկերություններն են կայքերից շատ ավելին վերցնում, կարծում եմ՝ կայքերը ավելի լավ գիտեն, թե հասարակությանը ինչ թեմաներ են հետաքրքրում»։
Խմբագիրը նշեց, որ իրենց նպատակն է հաղորդումները համացանցում կայացնելը, իսկ հաղորդումները ավելի հայտնի դարձնելու համար օգնում է նաև հեռուստատեսությունը։ Հետաքրքիր է՝ «Արմենիա» և «Արմնյուզ» հեռուստաընկերություններում իրենց հաղորդումները ներկայացնելու համար ոչ «Ասեկոսե»-ն է գումար վճարում, ոչ էլ հեռուստատեսությունները՝ հակառակ կողմին։ Անահիտ Հարությունյանի խոսքով՝ իրենց միջև ստեղծվել է գործընկերային, բարի հարաբերություններ։
Հեղինակ՝ Աննա Պապիկյան
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում