▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Վրաստանը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վրացագետներ Ջոնի Մելիքյանն ու Ալիկ Էրոյանցը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին  այցը՝ ընդգծելով, որ հայ-վրացական հարաբերությունները նոր լիցք ստացան:

«Կարևոր ձեռքբերումներից մեկը վարչապետ Կվիրիկաշվիլիի խոսքն էր: Նա ասաց, որ երկու երկրների աշխատանքային խմբերն այս տարվա ընթացքում նախատեսում են միջկառավարական հանձնաժողովի նիստը: Հիշեցնեմ, որ վերջին տարիներին այդպիսի նիստ չի եղել: Իսկ միջպետական հարաբերություններում եթե կա նման հանձնաժողով, ապա նախարարներին հնարավորություն է ընձեռվում համագործակցել, որոշ ծրագրեր իրականացնել: Եվ, եթե այս տարվա ընթացքում նման նիստ լինի, ապա հայ-վրացական հարաբերութունները նոր խորություն կստանան մի շարք ուղղություններով.ենթակառուցվածքներ, տրանսպորտ, տուրիզմ, առևտուր, մշակույթ: Կարևոր են նաև ուսանողների փոխադարձ այցելությունները: Եթե մեր երիտասարդները փոքր-ինչ գիտելիք ունեն Վրաստանի մասին, նույնը չի կարելի ասել վրաց ուսանողների մասին, ուստի կարևոր է շփումը»,-նշեց Ջոնի Մելիքյանը:

Նրա խոսքով՝ կարևոր են ներդրումները, բայց մեծ սպասելիքներ վրացական կողմից չպետք է ունենանք:

«Մեծ է Թուրքիայի ու Ադրբեջանի դերը Վրաստանում: Առաջինը դարձել է թիվ մեկ առևտրային գործընկերը, երկրորդը՝ ներդրողը: Նրանք  ազդեցություն ունեն Վրաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում, բայց  կարևոր է Ռուսաստանի դերը: Որքան էլ վատ են հարաբերությունները Վրաստանի հետ, ամենևին էլ չեն ազդում ներդրումների վրա, որոնք մեծ ծավալների են հասնում: ՌԴ-ն շրջանցում է Ադրբեջանին՝ դառնալով խոշոր առևտրային գործընկերը: Նման հարաբերություններ կարելի է զարգացնել նաև Հայաստանի ու Վրաստանի միջև: Իրատեսական եմ համարում համատեղ ձեռնարկությունների զարգացումը»,-նկատեց Ալիկ Էրոյանցը՝ չմոռանալով ընդգծել, որ մեծացել է նաև հայ-վրացական առևտրաշրջանառությունը: 

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝  Ջոնի Մելիքյանը պատասխանեց.

«Մենք հնարավորություն պետք է ունենանք դառնալ Վրաստանի ստրատեգիական գործընկերը, որը հիմա Թուրքիան ու Ադրբեջանն են: Մինչև չփոխվի բալանսը, մեր տնտեսությունը չգա այն նիշին, որ կարողանանք ներդրումներ կատարել ու փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը, այդ կարմիր գծերը կլինեն»:

Ալիկ Էրոյանցի կարծիքով էլ՝ Հայոց ցեղասպանության հարցն այս տարի ավելի ընդգծված կլինի:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее