Blognews.am-ը գրում է. Չնայած Թիմաթիի և L`ONE-ի երևանյան համերգի բուն համերգային մասը լավ անցավ, և երկրպագուները շատ ոգևորված էին, կազմակերպչական առումով այն շատ ցածր մակարդակի էր։ Երևանում անվտանգության աշխատակիցները դեռ առաջնորդվում են «մարդկանց էստեղից մաքրեք» մտածողությամբ և հասարակության, լրագրողների հետ շփվելու ձև չեն սովորել։

Համերգը պետք է սկսվեր ժամը 19։00-ին, սակայն երկրպագուներին հրավիրել էին 17։00-ից սկսած։ Հրապարակումներից մեկում ասվում էր, որ ավելի շուտ գալով՝ երկրպագուները հնարավորություն են ունենալու հետևելու նախապատրաստական աշխատանքներին։ Այդպես չեղավ։ Ժամը 17-ից սկսած համալիրի առջևում արդեն հերթ էր։ Արդեն ժամը 19-ին մուտքի մոտ խառնաշփոթ էր. երկրպագուները դժգոհում էին, որ իրենց թույլ չեն տալիս ներս մտնել։ Հոսքը Համալիր այնքան դանդաղ էր, որ միայն 20։30-ին բոլոր երկրպագուները մտան ներս։ Ի դեպ, ժամը 19։30 էր, թիկնապահները խոսում էին, որ Տիմատին դեռ չի ժամանել համալիր, մինչդեռ նախապես հայտարարվել էր, որ նա համալիրում է լինելու ժամը 17։00-ից, և երկրպագուները կարող են հետևել նախապատրաստական աշխատանքներին։

Տղաների համերգը սկսվեց մոտ 2.5 ժամ ուշացումով, մինչ 21։30-ը նվագել է DJ Smoke-ը։ Տիմատին բեմ բարձրացավ վերջինը՝ 22։15-ին։ Ամբողջ ընթացքում երկրպագուները հետնաբեմի մոտ սպասում էին, որպեսզի մոտիկից տեսնեն, իսկ եթե բախտը ժպտա՝ նկարվեն սիրելի արտիստի հետ։ Մինչ երգչի բեմ բարձրանալը հետնաբեմում իսկական խառնաշփոթ սկսվեց. լրագրողներին ու լուսանկարիչներին դուրս հրավիրեցին այնտեղից։ Լրագրողներին ու լուսանկարիչներին երկրպագուների հետ հրում էին այս կողմից այն կողմ՝ խանգարելով աշխատանքը։ Կազմակերպիչները չէին հոգացել լրագրողների՝ աշխատանքային պայմաններն ապահովելու հարցերը, լուսանկարիչներին թույլ չէին տալիս նկարել բեմի դիմացի ազատ հատվածից՝ հորդորելով գնալ պարահրապարակ, մինչդեռ պարահրապարակում այնպիսի աժիտոաժ էր, որ նորմալ աշխատել հնարավոր չէր։ Այսպիսով՝ լուսանկարիչները պետք է աշխատեին՝ ինչպես կարող են, թեև կազմակերպիչները կարող էին նախապես հոգալ լուսանկարիչներին փոքրիկ տարածք տրամադրելու մասին։


Աղբյուրը՝ Blognews.am