Armlur.am-ը գրում է, որ զրուցել է հեռուստահաղորդավար Մամիկոն Սիմոնյանի հետ:
«Հիմա Ռուսաստանի Դաշնությունում եմ, հիմնականում` Մոսկվայում: Աշխատում եմ մարքետինգի եւ փիարի ոլորտում, նաեւ սովորում եմ: Հեռուստատեսային աշխատանքով հիմա չեմ զբաղվում, բայց ոլորտին մոտ եմ եւ հնարավորություն ունեմ ուսումնասիրելու ռուսական մեդիա ոլորտը, հատկապես հեռուստատեսային ու գովազդային շուկան»,-պատասխանեց Մամիկոնը:
Հարցին, թե Հայաստանին առնչվող ինչ պլաններ ունի եւ երբ է վերջին անգամ այցելել հայրենիք, հաղորդավարը պատասխանել է.
«Հայաստանը շարունակում է մնալ իմ տունը, հայրենիքը` անկախ գտնվելուս վայրից: Պլաններ շատ ունեմ, բայց դրանց մասին հիմա չեմ խոսի: Վերջին անգամ Երեւանում եղել եմ ամանորյա տոնական օրերին, որոնք անցկացրել եմ երեխայիս, ծնողներիս, հարազատներիս հետ»:
Կայքը նաեւ հետաքրքրվել է` այն պահից, ինչ եթերում չէ, Մամիկոնը ստացե՞լ է արդյոք հեռուստատեսային հետաքրքիր առաջարկներ.
«Հեռուստատեսային առաջարկներ ստացել եմ, բայց դրանք հետաքրքիր չեն եղել ո՛չ բովանդակության, ո՛չ մնացած գործոնների առումով: Վերադառնալու ցանկություն, նպատակ ու հնարավորություն ունեմ, բայց հիմա, ցավոք, ժամանակ չունեմ: Այնուամենայնիվ, անպայման կվերադառնամ»:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում