Սեպտեմբերի 21-ին LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում տեղի է ունեցել Նյու Յորքից ժամանած երգահան, երաժիշտ Արմեն Ջ. Մեսչյանի հեղինակային երգերի երեկոն: Վերջինս հեղինակ-կատարող Արթուր Մեսչյանի որդին է, սակայն ուշագրավն այն է, որ նախքան համերգն Արմեն Մեսչյանը խնդրել էր կազմակերպիչներին չհրապարակել իր ազգանունը:
Ըստ կազմակերպիչների` այդ ձևով Արմեն Մեսչյանը չէր ցանկանում, որ հանդիսատեսը համերգին գար միայն իր ազգանվան համար, առավել ևս, որ իր և Արթուր Մեսչյանի ստեղծագործությունները տարբեր են:
Նշենք, որ Արմեն Մեսչյանի մատուցած երաժշտությունը, իսկապես, տարբերվում է ոչ միայն ոճային առումով, այլև` լեզվական տարբերությամբ: Արմենն իր հեղինակային երգերը ներկայացնում է անգլերենով, քանի որ Նյու Յորքում բնակվելն անդրադարձել է նաև նրա երաժշտական մտածողության վրա:
Ի դեպ` երաժշտի հետ տվյալ հանդիպումը բացառիկ էր, քանի որ վերջինս, ըստ կազմակերպիչների` Հայաստան է այցելում իր հարազատներին տեսնելու և հանգստանալու նպատակով:
Հավելենք, որ Նյու Յորքում Արմեն Մեսչյանը բնակվում է 1989 թվ-ից: Իր երևանյան համերգից ժամեր անց էլ կրկին վերադարձել է ԱՄՆ:
Հավելենք, որ LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնում նմանատիպ երաժշտական երեկոները շարունակական բնույթ են կրելու:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան