BlogNews-ը գրում է. «ATV» հեռուստաընկերության նոր սիթքոմի՝ «Քարե դարդի» մասին BlogNews-ն արդեն պատմել է իր ընթերցողներին։ Երբ հանրությունն իմացավ, որ նախագծի սցենարը գրում են «Վիտամինի» նախկին սցենարիստները՝ Վանն ու Գրիգը, սակայն նկարահանվում են ակումբի անդամներից միայն Վաչեն ու Արմուշը, լուրեր տարածվեցին, որ «Վիտամին» ակումբը կազմալուծվել է, հակառակ դեպքում ո՞ւր են ակումբի մյուս տղաները։
BlogNews-ի հետ զրույցում Արմուշն ասաց, որ իրենց թիմը չի բաժանվել։ ««Վիտամինի» ընթացքում էլ մեզնից յուրաքանչյուրը ծավալում էր իր անհատական գործունեությունը։ Մենք առաջարկ ստացանք «ATV»-ից և ընդունեցինք այն։ Եթե դերասանը պահանջված է, կարող է համագործակցել բոլոր հեռուստաընկերությունների հետ, նա չպետք է կախվածություն ունենա որևէ հեռուստաընկերությունից»,- ասաց Արմուշը և նշեց, որ հնարավոր է՝ հետագայում կրկին համագործակցեն «Շանթի» հետ։
Արմուշը նշեց, որ «Վիտամինի» թիմով միասին կրկին հանդես կգան. «Բոլորս էլ գիտենք, որ ծնելու ենք նոր պրոյեկտ, և դա սարերի հետրում չէ։ Եթե ոչ այս տարի, հաջորդ տարի անպայման նոր նախագիծ կներկայացնենք»։
Վաչեն էլ հավելեց, որ հեռուստատեսության տեղափոխության խնդիր, որպես այդպիսին, չի եղել, քանի որ նախկինում էլ «Վիտամինը» նկարահանել են իրենց ակումբում։ «Մենք միշտ համագործակցել ենք հեռուստատեսությունների հետ։ Սա կարելի է անվանել ևս մեկ համագործակցություն. եթե զգում ես, որ լավ նախագիծ է լինելու, ինչո՞ւ չընդունել առաջարկը»,- նշեց հումորիստը։
Վաչեն շեշտեց, որ «Վիտամինի» անդամները շատ լավ ընկերներ են և առաջիկայում անպայման նորություն կունենան։ «Թող մարդիկ մի քիչ կարոտեն մեզ և անպայման կրկին կտեսնեն «Վիտամինը» նոր ձևով՝ գուցե 2 ժամանոց համերգային ծրագրով, գուցե այլ տարբերակով, բայց այն, որ այդ հումորն իրեն չի սպառի և դեռ կլինի, հաստատ է»,- ասաց նա։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում