Life.panorama.am-ը գրում է.
Երեկ «Շանթ» հեռուստաընկերությունը հեռուստադիտողի դատին հանձնեց նոր՝ բազմասերիանոց «Փոխնակ մայրը» հեռուստասերիալը, որի ռեժիսորները Արտյոմ Հարությունյանը և Հայկ Վարդանյանն են: Սերիալի հիմքում ընկած է սուրոգատ մոր թեման, բացի դա, ներկայացվում է երկու ընկերների մութ անցյալի պատմություն: Սցենարի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ համահեղինակը Էդուարդ Զորիկյանը:
Կայքը զրուցել է սերիալի գլխավոր դերակատարներից մեկի՝ Տիգրան Ներսիսյանի հետ՝ նկարահանվելու առաջարկն ընդունելու, մարմնավորած կերպարի և այլ մանրամասների մասին:
«Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը միանգամից ընդունեցի, քանի որ ներկայացված բոլոր հանգամանքները և պայմանները դրական էին»,- ասաց Տիգրան Ներսիսյանը՝ մանրամասնելով, թե, այնուամենայնիվ, առաջարկն ընդունելուց ինչին է առաջին հերթին ուշադրություն դարձրել.
«Բոլորը գիտեն, որ կան մի քանի կետեր, որոնց որ ես ուշադրություն եմ դարձնում: Այդ կետերից ինձ համար ամենաառաջնայինը սցենարն է: Երբ հեռուստասերիալի գեղարվեստական ղեկավար Ռոման Մուշեղյանը ծանոթացրեց ինձ հեռուստասերիալի սցենարին, այն ինձ միանգամից գրավեց և ես հաճույքով համաձայնեցի: Սերիալում նկարահանվելու կարևոր կետերից մեկը նաև այն կերպարն էր, որին ես պետք է մարմնավորեի»,- հստակեցրեց Տիգրան Ներսիսյանը:
Անդրադառնալով իր կերպարին՝ դերասանը նշեց, որ հեռուստասերիալի ձևաչափում առաջին անգամ հանդես է գալիս բացասական կերպարով.
«Նշեմ, որ դեռ նման դերով չէի ներկայացել: Այս անգամ իմ կերպարն ավելի բացասական երանգներով է: Ընդհանրապես, իմ մարմնավորած կերպարը սկզբից մինչև վերջ իր ընթացքով հուզող է և տրամադրող: Նա մարդ է, ով հասել է իր կյանքում ամեն ինչի, բայց դա արել է` խախտելով բոլոր տեսակի մարդկային և կյանքի օրենքները: Նա դա արել է անցնելով ամեն ինչի վրայով և դեռ պատրաստ է անցնել` հասնելու համար իր առջև դրված նպատակին. ամեն գնով, ամեն քայլով հասնել իր նպատակին, սա է հենց իմ կերպարի նկարագրություններից մեկը: Նրա դեպքում կարծես թե աստվածայինը, խղճի հանգամանքը, բարությունը պարզապես բացակայում են: Նույնիսկ իր ապրած տարիների ընթացքում արած բացասական երևույթների համար նա խղճի խայթ չի զգում, չի մեղանչում և շարունակում է նույն կերպ առաջ շարժվել: Կարծում եմ, որ այսօր մարդկային նման օրինակներ շատ կան»,- նշեց Տիգրան Ներսիսյանը:
Չցանկանալով բացել ավել փակագծեր՝ դերասանը պատմեց, որ ըստ սցենարի՝ իր կերպարի համար շատ կարևոր հանդիպում է տեղի է ունենում քրեակատարողական հիմնարկում, որտեղ նա գնում է գործնական հանդիպման իր գործընկերոջ մոտ, ում հետ, սակայն, հետագայում լուրջ խնդիրներ է ունենում:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում