«Yerevan Mall»-ի «Kino park»-ում կայացավ «Քարե դարդ» սիթքոմի առաջին սերիայի փակ դիտումը, որին ներկա էին ինչպես սիթքոմի ողջ ստեղծագործական կազմը, այնպես էլ հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ:
«Ֆիլմն ստեղծելիս հաշվի ենք առել ժողովրդի կողմից սիրված կերպարների նախատիպերը: Հեռուստադիտողի մոտ, օրինակ, կարող է հարց առաջանալ, ինչպես են մարդիկ քարե դարում ապրում դինոզավրերի հետ: Սա սիթքոմ է, որտեղ կարելի է ամեն բան պատկերացնել»,- նշեց Վաչեն:
Վերջինս հանդես է գալիս Մոսո անունով մի երիտասարդի կերպարում, որի շուրջ էլ կատարվում են սիթքոմի իրադարձությունները: Երիտասարդը մի քանի պարտքատերերից փախչելու համար իր ընկերոջ դեռ չավարտված ժամանակի մեքենան է փորձարկում և պատահմամբ հայտնվում քարե դարում։ Մյուս դերերում հանդես են եկել Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Աննա Մանուչարյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Հակոբ Հակոբյանը, Անատի Սաքանյանը և այլք:
Աննա Մանուչարյանը խոսեց իր կերպարի մասին. «Իմ հերոսուհին՝ Միմին, ամուսնացած է Գոգոյի հետ: Մենք ունենք բալիկներ: Ես ցեղապետի աղջիկն եմ, բայց շատ հպարտ եմ և հայրիկիցս ոչ մի օգնություն չեմ ընդունում»:
«Նախագիծը մեր համար շատ հաջողված է, անսպասելի զարգացումներ ունի: Կարծում եմ ծիծաղելի է, երբ 21-րդ դարում ապրած մարդը հանկարխ հայտնվում է քարե դարում: Թեման շատ լայն է, և մեր սցենարիստներն էլ կարող են ընդլայնվել: Ինչ վերաբերում է դերասանական կազմին, ապա այն պատահմամբ է ընտրվել, մեզ զանգել են, մենք համաձայնվել ենք ու այդպես էլ ստացվել է համագործակցումը,- ասաց Արմուշը, ով սիթքոմում մարմնավորում է Գոգոյի կերպարին:
Դերասանուհիներից Անատի Սաքանյանը խոսեց նկարահանումների ընթացքի մասին. «Նկարահանումները շատ հետաքրքիր և ուրախ են անցել: Այնքան, որ նույնիսկ չէինք ցանկանում տուն գնալ»:
Նշենք, որ «Քարե դարդ» սիթքոմի առաջին սերիաները ATV-ի եթերում կլինեն դեկտեմբերի 8-ին և 10-ին՝ ժամը 21:30-ին, իսկ հունվար ամսին ստեղծագործական կազմը կներկայացնի սիթքոմի նոր սերիաները: