Դերասան, հումորիստ Սամվել Բաղդասարյանին հանդիսատեսը սկսեց ճանաչել դեռևս 90-ականներից: Տարիներ շարունակ նա ակտիվ գործունեություն էր ծավալում, անընդհատ հանդես էր գալիս շոու ծրագրերով, որոնց ընթացքում էլ նմանակում էր հայտնի քաղաքական գործիչների: Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ հումորիստը կարծես ստվերում է:
Asekose.am-ը զրուցել է հումորիստի հետ տևական դադարի պատճառների, նմանակելու արվեստի, այսօրվա հումորի որակի, իր ներկայացումներին՝ նախագահների ներկա չլինելու, Ապրիլի 1-ի խորհրդի, սպասված վերադարձի մասին և ոչ միայն:
Միշտ ունեցել եմ զգացողություն, որ հանկարծ չհոգնեցնեմ մարդկանց իմ ներկայությամբ
Մի որոշ ժամանակ դաշտից դուրս գալը հաճելի ու հետաքրքիր գործընթաց է, իհարկե եթե այդ դադարը չդառնա բնավորություն: Ժամանակ ես ունենում խաղաղվելու, տեմպի մեջ նայելու ամեն ինչին: Վերջին շրջանում ինձ ավելի շատ սկսել է դուր գալ խոհափիլիսոփայական ոճը, հավանաբար դրա համար էլ էր ժամանակ պետք: Կան մարդիկ, ովքեր տարիներ շարունակ անընդհատ նույն են ներկայացնում, ինչն առաջացնում է հետաքրքրության կորուստ: Անընդհատ նույնը կրկնելը դառնում է արդեն հոգնեցուցիչ: Իսկ ես միշտ ունեցել եմ զգացողություն, որ հանկարծ չհոգնեցնեմ մարդկանց իմ ներկայությամբ: Իսկ հոգնեցնելն առաջ է գալիս այն ժամանակ, երբ արդեն բեմում կամ արվեստում երևում է արտիստի կենցաղը, ինչը մեր օրերում շատ տարածված երևույթ է: Լռելն էլ իր հետաքրքրությունն ու խորհուրդ ունի, քանի որ վերադառնալուց հետո պատմում ես նաև լռելուդ պատճառների մասին: Լռելն էլ է աշխատանք: Այդ ընթացքում էլ դու շարունակում ես աշխատել, կարող ես աշխատել 7 տարի՝ այդ ընթացքում լինելով ստվերում, բայց հետո այդ աշխատանքը ներկայացնես ընդամենը 7 րոպեում:
Որոշ մարդկանց ձեռքին խաղալիք չես դառնում
Դադարն էլ մի սահման ունի, որը չպետք է անցնել: Ներքին ցանկություն կա վերադառնալու: Այդ ընթացքում դատարկության զգացում չեմ ունեցել, իսկ ափսոսել եմ միայն այնպիսի երևույթների համար, ինչպիսիք են՝ ինչ էինք, ինչ դարձանք կամ ինչ էինք, ինչ կարող էինք չդառնալ: Այդ լռության դրական կողմերից մեկն էլ այն է, որ դու այդ ընթացքում չես դառնում այն մոլորությունների զոհը, որոնք պարտադրվում են մեր հասարակությանը, որոշ մարդկանց ձեռքին զենք չես դառնում:
Չեմ կարծում, որ երիտասարդ հումորիստներն ինձ դուրս են մղել ասպարեզից
Ես այս դաշտում երբեք մրցակցային մոտեցում չեմ ցուցաբերել: Միգուցե դրա պատճառն այն է, որ ինձ բախտ է վիճակվել երիտասարդ տարիքում կոչումներ ստանալ, սակայն այս դեպքում խոսքս ոչ թե պետական կոչումների մասին է, այլ մրցույթների, հետաքրքիր մոտեցումների: Երբ երիտասարդ տարիներին ներսդ հագենում է, մրցակցության մեջ մտնելու խնդիր չկա: Ես չեմ կարծում, որ երիտասարդ հումորիստներն ինձ դուրս են մղել ասպարեզից: Մի՞գուցե իրենք այդպես են կարծում, չեմ կարող ասել(ժպտում է ):
Գոտկատեղից ներքև հարվածելը ճիշտ չէ
Ես երբեք չեմ ներկայացնում բեմում այս կամ այն քաղաքական գործչի անձնական կյանքը, ինձ ավելի շատ հետաքրքրում է նրանց հասարակական կյանքը, քանի որ հենց դրանոցվ է նա ինձ հետ կապված: Ինչպես ասում են գոտկատեղից ներքև հարվածելը ճիշտ չէ, քանի որ դու դրա պատասխանը չես կարողանա երբեք տալ, իսկ մյուսների պատասխանը կարող ես տալ: Հենց սա է համոզիչը, որը ստիպում է հանդիսատեսին ծափահարել, այսինքն՝ դու չես կեղծում: Կերպարը համոզիչ է դառնում միայն այն դեպքում, երբ դու ներսում զգում ես այն:Քննադատություններ միշտ էլ լինում են, ինչին շատ նորմալ եմ վերաբերվում: Երբեմն արտիստն ինքն է զգում, որ իր կերտած կերպարներն իրար նման են դառնում: Այս առումով համացանցը հետաքրքիր գործիք է, քանի որ այն լսելի է դարձնում հասարակության ձայնը:
Հումորի փաթեթի 70%-ը գտնվում է Ազգային ժողովի ձեռքում, որտեղ կարող ես լսել և՛ գրագետ, և՛ անգրագետ հումոր
Ես դեռ «խաղի» մեջ եմ, ուստի չեմ ուզում որպես փորձագետ հանդես գալ ու գնահատել այսօրվա հումորի որակը: Այսօրվա հումորիստներն իմ գործընկերներն են, ուստի աշխատում եմ նրանց արած աշխատանքի վերաբերյալ մեկնաբանություններ անելուց զերծ մնալ: Այսօր իսկապես խնդիրը ավելի շատ մարդկանց հոգեվիճակի մեջ է: Մարդը գտնվում է տեմպոռիթմի մեջ, այսինքն՝ անընդհատ համացանցի միջոցով փորձում է տեղեկություն ստանալ, թե ինչ է կատարվում իր երկրում ու առհասարակ՝ աշխարհում: Դա հանգեցնում է երբեմն անհասկանալի մի իրավիճակի, երբ նայում ես մարդու դեմքին ու պարզ հասկանում ես, որ նա կախվածություն ունի համացանցից ու լրատվական դաշտի ազդեցության տակ է գտնվում, որ նա ավելի լավ կարող է նստել կողքիդ ու քեզ հետ շփվել հաղորդագրությունների միջոցով, քան խոսել քեզ հետ: Հենց սա է պատճառը, որ մարդկանց դժվար է ստիպել լիաթոք ու անկեղծ ծիծաղել: Իմ գործընկերներից շատերն այսօր բարձր են պահում մեր պատիվը ուրիշ երկրներում, նրանք հաջողության են հասնում՝ ոչ թե հայի ազգային կերպարը աղավաղելով, այլ իրենց ազնիվ աշխատանքով, հայի նոր կերպար կերտելով, ինչը մեծ պատիվ է բոլորիս համար: Հայաստանը այսօր վերածվել է մոնոպոլիայի, այսինքն՝ այսպես ասած հումորի փաթեթի 70%-ը գտնվում է Ազգային ժողովի ձեռքում, որտեղ կարող ես լսել և՛ գրագետ, և՛ անգրագետ հումոր: Այս առումով, այո, կարող եմ ասել, որ այդպիսի քաղաքական գործիչներն իրենց հումորով ինձ դուրս են մղել դաշտից (ժպտում է):
Նոր ներկայացումներում էլ կլինեն քաղաքական գործիչներ, որոնց ես կնմանակեմ
Նոր ներկայացումներ նախատեսում եմ աշնանը, իսկ Ապրիլի 1-ին Արցախում Երգիծանքի և հումորի օրվան նվիրված միջոցառումներ ենք կազմակերպել: Խաբելու օրը դարձել է ծիծաղի օր: Հասարակության գիտակցության մեջ արդեն Ապրիլի 1-ը համարվում է Ծիծաղի օր 2006թ.-ից: Ծիծաղը մեծ փիլիսոփայություն է, ծիծաղը ամեն ինչ է իր մեջ պարունակում, մարդկանց կարող է միավորել կամ բաժանել: Խաբելու մեջ բացասական երանգ կա, եթե կարողանում ես խաբել գրագետ ձևով, դա գեղեցիկ է, բայց նեգատիվ խաբկանքները մարդկանց վատ վիճակի մեջ կարող են դնել: Ամեն ինչ, այդ թվում մեր այսօրվա քաղաքական կյանքը կարելի է ներկայացնել երգիծանքի պրիզմայի տակ, կարևորն այս դեպքում ցանկություն է: Պետք է հաշվի առնել նաև շուկայական պահանջարկը: Նոր ներկայացումներում էլ կլինեն քաղաքական գործիչներ, որոնց ես կնմանակեմ:
3 նախագահներին էլ հրավիրել եմ իմ ներկայացումներին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել
Երեք նախագահներին ու նրանց տիկնանց հրավիրել եմ իմ ներկայացումներին, սակայն նրանք այդպես էլ չեն ներկայացել, չնայած երեքն է ֆիկտիվ տեսել են իմ ներկայացումները: Չեմ ցանկանա այս դեպքում իրենց փոխարեն պատասխանել, թե ինչու ներկա չեն գտնվել: Պարզապես կարող եմ ասել, որ ամեն մեկին բախտ չի վիճակվել նմանակել իր նախագահին նրա կենդանության օրոք, նրան նմանակելով բեմում՝ խնդիրներ բարձրացնել, փորձել լուծումներ գտնել: Որևէ արձագանք նրանց կողմից ին հասցեին չեմ լսել՝ ի պատիվ իրենց: Այս առումով ես հավասարապես շնորհակալ եմ 3 նախագահներին էլ: Նոր ներկայացումներին, որոնք նախատեսում եմ աշնանը, դարձյալ կհրավիրեմ նրանց (ժպտում է):
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան