▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Արմինկան մեկուսացել շոու բիզնեսից

Դիտեք նաև՝

***

Blognews.am-ը գրում է, որ երգչուհի Արմինկան տևական ժամանակ է, ինչ ստեղծագործական նորություններ չի ներկայացնում։ Այժմ նա ամենից շատ զբաղվում է որդու դաստիարակությամբ՝ փորձելով նրան մեծացնել որպես կիրթ և բազմակողմանի զարգացած երեխա։

«Ալեքսը փոխեց Արմինկային». քեզ ճանաչող մարդիկ հաճախ են նշում սա։ Հատկապես  ի՞նչ է փոխել որդիդ քո մեջ։

Դրական փոփոխություններ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե դա կտրուկ փոփոխություն է, ուղղակի Ալեքսի ծննդից հետո դարձել եմ շատ ավելի հավասարակշռված, հանգիստ։ Հիմա իմ աշխարհը կենտրոնացել է Ալեքսի վրա, ինչը բնական է։

Շրջապատիցդ ավելի մեկուսացե՞լ ես՝ հաշվի առնելով, որ հիմա ամբողջ ժամանակդ տրամադրում ես որդուդ։

Դա միայն Ալեքսի հետ  կապված չէ, ուղղակի ես հոգնել եմ շատ բաներից, մարդկանց կեղծ լինելուց և նեղացրել եմ իմ շփման շրջանակները։ Հիմա շատ քիչ միջոցառումների եմ գնում՝ միայն այնտեղ, ուր ուզում եմ, ոչ թե ուր չգնալն ամոթ է։

Հե՞շտ ես հարաբերություններդ խզում մարդկանց հետ։

Փոքրիկ կեղծիք զգալու դեպքում մարդուն հեռացնում եմ իմ կողքից։ Եթե ինչ-որ մեկն ինձ ցավեցրել է, բայց նույնիսկ չի զղջում, աշխատում եմ իմ մեջ չարություն չպահել. դա թույն է մարդու օրգանիզմում, որն իրեն սպանում է։ Սակայն ես միշտ կտրուկ եմ եղել, մարդը կար, էլ չկա։

Փառք Աստծո, վերջին տարիներին չի եղել այդպիսի դեպք, որովհետև ես իմ շրջապատը շատ եմ փակել, զգուշորեն եմ ընտրում՝ ուր գնալ, ում հետ շփվել։

Հիմա շոու բիզեսում ընկերներ  ունե՞ս։

Ես միշտ ունեցել եմ ընկերներ շոու բիզնեսում։ Միգուցե մենք տարվա ընթացքում 2 անգամ հանդիպենք, սակայն էներեգետիկ առումով  կապված ենք։ Ես գիտեմ, որ ինչ էլ լինի, այդ մարդիկ միշտ ինձ  հետ են՝ լինի տխուր թե ուրախ առիթ։ Ես կարող եմ վստահ խոսել Արամոյի և էմմա Պետրոսյանի, Արման Հովհաննիսյանի, Սյուզան Մարգարյանի, Զարուհի Բաբայանի, Ալլա Լևոնյանի մասին։ Նրանք իմ մտերիմներ են, մենք կարողանում ենք պահել մեր ընկերությունը՝ անկախ նրանից շոու բիզնեսում իրար հետ առնչվո՞ւմ ենք, հյուրախաղերի մեկնո՞ւմ ենք, թե՞ ոչ։

Արմինկա, շատերը քեզ ընկալում են որպես շատ

 խիստսառը մարդիրականում այդպիսի՞ն ես, թե դա 

 որոշակիորեն ինքնապաշտպանական ռեակցիա է։

 

-Ավելի շատ ինքնապաշտպանական ռեակցիա է և մանկուց է գալիս։ Եթե ես տեսնում եմ ինձ ուղղված բացասական էներգիա, միանգամից բլոկ եմ անում դա։ Ես մանկուց փակ և չշփվող եմ եղել, ժամանակի հետ փոխվեցի, բայց դա իմ մեջ մնաց, և ես կարող եմ լինել շատ սառը և խիստ ։

Խոցելի՞ ես։

Մանկուց մայրս մի կարևոր բան է սերմանել մեր մեջ, ասում էր՝ երբեք մի նեղացեք այն մարդուց, ով ձեզանից ցածր է, նեղացեք և վիրավորվեք այն մարդուց, ով ձեզանից մի գլուխ բարձր է։ Սա սեփական  արժեքը իմանալու շատ կարևոր գործոն է։ Ես գուցե և խոցելի եմ, բայց այն դեպքում, երբ այդ նետն ուղղված է վերևից, ոչ թե ներքևից։

Ճիշտ ինքնագնահատական ունենալը բավականին բարդ է. ոմանք ունեն գերարժեքության, ոմանք՝ թերաժեքության բարդույթ։ Կարողանո՞ւմ ես գտնել բալանսը։

Գերարժեքություն երբեք չեմ ունեցել։ Դա կարող եմ վստահ ասել։ Թերարժեքություն էլ աշխատել եմ չունենալ, սակայն այս դեպքում չեմ կարող նույնքան վստահ պնդել, որ երբեք չի եղել, երբ ինձ թերագնահատել եմ։ Ամեն դեպքում փորձել եմ միշտ լինել իմ ճիշտ դիրքում։ Մենք՝ երեք երեխաներս էլ երբեք առանձնակի գովասանքի չենք արժանացել, թեև երեքս էլ դպրոցում ակտիվ էինք, աչքի ընկնեող, մեկս մյուսից  լավ սովորող,  սակայն երբեք չեմ լսել, որ մայրս մեզ գովասանքի խոսք ասի։ Վերջերս մի առիթի ժամանակ մայրիկիս ասացի՝ քո  մի խոսքն ինձ համար աշխարհ արժի, ասաց՝ ես դահլիճում նստած լսում եմ բազմաթիվ մարդկանց ծափահարություններ, գովասանքներ ու ուրախանում, դու բազմահազար լսարանի առաջ երգում ես, արժնանում ծափահարությունների, իմ մի բառի՞ն ես կարոտ, ասացի՝ հավատա, որ քո մի խոսքը, մի «ապրես»-ը հավասարազոր է այդ մի քանի հազարանոց դահլիճին։ Մայրս զարմացավ, ասում է՝ դու 42 տարեկան ես, իմ խոսքի կարի՞քն ունես, ասում եմ՝ հա, որովհետև  այն, ինչ ասում է մաման շատ կարևոր է։ Այսինքն՝ թեև մեր ընտանիքում ինձ չեն թերագնահատել, չեն էլ ներշնչել այդ մեծ ինքնավստահությունը։

Նախկինում ինքնավստահ չե՞ս եղել։

Ինքնավստահ եմ եղել, սակայն ինքնավստահ՝ իր թերի կողմերով, քանի որ մի քիչ ավելի վախկոտ, ամաչկոտ եմ եղել, և շատ դեպքերում դա խանգարել է ինձ։

Իսկ դու Ալեքսի հետ ինչպե՞ս ես վարվում։

-Ես որդուս հետ այդպես չեմ. եթե նա մի բան լավ է անում, ասում եմ՝ լավ է, միևնույն ժամանակ նրան ուղղություն եմ տալիս, որ ավելիին ձգտի։ Կարծում եմ՝ մարդը պետք է ինքնահաստատված ու ինքնավստահ մեծանա։

Միայնակ մայր լինելը բավականին դժվար է, որովհետև որքան էլ տեսակով ուժեղ լինես, երեխային  միայնակ մեծացնելը հեշտ չէ։ Ի՞նչ խնդիրների ես բախվում։

Փառք Աստծո, առ այսօր ես ոչ մի խնդրի չեմ բախվել, որովհետև իմ թիկունքում իմ ընտանիքն է, որովհետև տարիքային առումով ես գուցե պատրաստ էի այդ պատասխանատվությանը։ Ես հաճախ  եմ մտածում այդ մասին՝ երևի դա Ալեքսի տեսակից էլ է։ Ինձ հեշտ է նրա հետ։

Մտածո՞ւմ ես կողակից ունենալու մասին, թե՞ քեզ համար փակել ես այդ թեման, որովհետև ընտանիքում նոր անդամ ունենալը գուցե ճիշտ չընկալվի Ալեքսի կողմից կամ նրա համար սթրեսային լինի։

Ես ոչ մի թեմա չեմ փակել ինձ համար, բայց չեմ էլ հասցնում մտածել այդ մասին։ Դա չի նշանակում, որ չեմ ցանկանում ընտանիք ունենալ, պարզապես ես չեմ սիրում ֆիքսվել ինչ-որ թեմայի վրա։ Ամեն բան որոշվում է ի վերուստ՝ լինելու բանը կլինի։

Շատ հայտնիներ իրենց ճանապարհը տեսնում են արտերկրում՝ հաշվի առնելով, որ հայկական շոու բիզնեսում այժմ լճացում է։ Տևական ժամանակ է, ինչ դու նորություններ չես ներկայանում, հնարավո՞ր է, դու էլ որոշես:

Ցավում եմ դրա համար։ Ես այս երկիրն այնքան շատ եմ սիրում, այնքան կպած եմ այս հողին, որ երբեք չեմ մտածել երկրից գնալու մասին։ Ես 18 տարեկանից մարզերում ելույթներ եմ ունեցել, Արցախում կռիվը նոր էր ավարտվել, հաճախ գնում էինք այնտեղ։ Ես չեմ ուզում հեռանալ այս երկրից, դա հարցի լուծում չէ։  Ես կարող եմ շատ բաներից հիասթափվել, բայց փորձում եմ այնպես անել, որ ինձ մոտ չգա հուսահատության էտապ։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее