Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը գրեթե մեկ տարի է, ինչ չի նկարահանվում հեռուստանախագծերում, իսկ պատճառների մասին պատմել է կայքին:
«Իրականում դադարս այնքան էլ երկար չէ, գրեթե մեկ տարի, քանի որ վերջին աշխատանքը «Երջանկության արցունքները» նախագիծն էր: Ինչեւէ, այս մեկ տարվա ընթացքում չեմ ստացել այնպիսի առաջարկ, որը կցանկանայի ընդունել: Չեմ ուզում հանդես գալ փոքրիկ, էպիզոդիկ դերերով, նաեւ ինչու ոչ` առաջարկները ընդունելու հարցում ֆինանսին եւս նշանակություն եմ տալիս: Միաժամանակ` անկեղծ ասեմ, չեմ էլ նեղվում, որ այս պահին առաջարկներ չունեմ, քանի որ կդժվարանամ երեխաներիս խնամքը լիարժեք կազմակերպել: Ստեղծագործելու ցանկությունս ես լիովին կարողանում եմ բավարարել թատրոնում, որտեղ մեծ զբաղվածություն ունեմ»,- նշեց Ծովինարն ու ընդգծեց` այն դերասանուհիներից չէ, ովքեր դժգոհում են նորեկներից.
«Իրականում ուրախ եմ այն գործընկերներիս համար, ովքեր այժմ նկարահանվում են նախագծերում, երբեմն հետեւում եմ սերիալներին` նրանց դիտելու համար ու միշտ հիանում եմ, անգամ զարմանում, թե ինչպես են կարողանում այդ արագության մեջ ստեղծել տարբեր դերեր: Նաեւ շատ ուրախ եմ այն երիտասարդ դերասանների համար, ովքեր բուհն ավարտելուց հետո կարողացել են ընդգրկվել տարբեր հեռուստանախագծերում ու իրենց մասնագիտությամբ են զբաղվում: Երբեք վատ չեմ նայել, երբ երիտասարդներին են տեղ տվել, իհարկե, խոսքը չդերասանների մասին չէ, քանի որ դա պրոֆեսիոնալ դերասանների համար ցավալի է»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում