BlogNews.am-ը գրում է. Սերիալային դերասանուհի Անուշկա Մարգարյանն այս տարի հանգստի չի մեկնելու: Զրույցում նա ասաց, որ պատճառն այս փուլում չաշխատելն է։ «Ծնողներիս նեղություն տալ ու իրենց ֆինանսական միջոցներով հանգստի գնալ չեմ ուզում։ Նախընտրում եմ աշխատել ու սեփական քրտինքով վաստակածս գումարը ծախսել»,- նշեց նա։
Դերասանուհին շատ է սիրում ամառը, քանի որ տաք է ու արև, տաք հագնվելու մասին մտածելու կարիք չունի։ «Առհասարակ ակտիվ հանգիստ եմ սիրում, այդ իսկ պատճառով այս տարի ամառը շատ անհետաքրքիր է անցնում ինձ համար, քանի որ, ըստ էության, ոչ հանգստանում եմ, ոչ էլ աշխատում։ Միակ լավ բանը, որ տեղի ունեցավ ամռանը, քույրիկիս բալիկի ծնունդն էր,- ասաց Անուշկան, ով ամառային հանգիստ ասելով՝ չի հասկանում ծովափ գնալ, ինչպես շատերը։ -Ջուր, ծով շատ եմ սիրում, լողալ կարողանում եմ, համենայն դեպս՝ չեմ խեղդվում, սակայն կարող եմ հանգիստս վայելել նաև անտառային տարածքում»։
Նա սիրելիի՝ շախմատիստ Ավետիք Գրիգորյանի հետ ամառը վայելելու հնարավորություն չի ունեցել վերջինիս զբաղվածության պատճառով. «Ավետիքն ամբողջ հունիս ամսին Հայաստանում չէր, աշխատանքի բերումով արտերկրում էր։ Հիմա Երևանում է, փորձում ենք միասին էլ ժամանակ անցկացնել, սակայն նա այնքան զբաղված է, որ միշտ չէ, որ դա հաջողվում է։ Մեզ մոտ ժամանակի դիսբալանս է առաջացել, որը, հուսով եմ, շուտով կվերանա»։
Անուշկայի փոխանցմամբ՝ երկու շաբաթով գնացել է հայրենի քաղաք՝ Կապան. «Ես շատ եմ սիրում իմ քաղաքը, սակայն ջերմաստիճանի տարբերությունը մեծ չէ, բացի այդ, երբ Կապանում եմ, ինքնազգացողությունս վատանում է, քանի որ, ինչպես գիտենք, այնտեղ թե՛ ջուրը, թե՛ օդը աղտոտված են»։
Նյութը`սկզբնաղբյուրկայքում