Life.panorama.am-ը գրում է.
Ամառն արդեն իր լիիրավ իրավունքների մեջ է եւ ինչպես յուրաքանյուր սեզոնի դեպքում, արդեն ժամանակն է թարմացնել մեր զգեստապահարաններն ու այն համապատասխանեցնել 2016-ի ամառային նորաձեւության կանոններին, որպեսզի ամառն անցնի ոչ միայն ջերմ, այլեւ գեղեցիկ մթնոլորտում:
Թեմայի շրջանակներում կայքը զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ, ով իր մասնագիտական խորհուրդներն ու ցուցումներն է տվել ամառային նորաձեւության վերաբերյալ:
Դիզայները ամառային նորաձեւության մասին խոսելիս նախ անդրադարձավ ակտուալ գույներին, որոնք այս տարի տարբերվում են նախորդ տարվա թրենդային գույներից. «Գույների մասին խոսելիս պետք է սկսեմ սպիտակից, որը միշտ է ակտուալ, համենայն դեպս՝ դեռեւս չեմ հիշում մի ամառ, երբ սպիտակ գույնը նորաձեւ չլինի: Սպիտակ գույնը ոչ միայն գեղեցիկ է, այլեւ շատերի համար հեշտ օգտագործելի. Բոլոր նրանք, ովքեր վախենում են գույների միախառնումից ու համադրություններից, որպես լավագույն տարբերակ կարող են ընտրել սպիտակը: Սպիտակը նախատեսված է բոլորի համար, սխալ է այն կարծիքը, թե գեր կանանց կարող է ավելի գեր տեսք հաղորդել սպիտակը. հիշեք՝ հագուստի ճիշտ համադրության, ճիշտ ձեւվածքի դեպքում սպիտակ գույնը երբեք չի գիրացնի: Սպիտակի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ սպիտակի եւ սեւի համադրությանը. Այս պարագայում տարատեսակ գծերը, երկրաչափական պատկերները շատ նորաձեւ են: Այս տարվա թրենդային գույների շարքում իրենց ուրույն տեղն ունեն մոխրագույնը, երկնագույնն ու որձաքարի վարդագույնը (кварцевая роза): Իսկ գունային հակաթրենդների շարքում կհամարվեն նեոնային գույները»,- նշեց դիզայները:
Դիանա Շատվերյանի խոսքով՝ այս ամռանը թրենդային են ծաղկային կտորները, բայց այս դեպքում դիզայները մեկ ցուցում ունի. «Ծաղկային կտորները գրեթե միշտ են նորաձեւ, բայց այս դեպքում եւս պետք է ճիշտ կողմնորոշվել: Օրինակ՝ այս տարի նորաձեւ են կամ շատ մանր, կամ շատ խոշոր ծաղկային կտորներից կարված հագուստները, միջին տարբերակները բացակայում են»:
Ամառային նորաձեւության հիթը կլինի «բոլո» ոճը՝ իր բոլոր դրսեւորումներով (թեւնոցներ, մատանիներ, գլխի աքսեսուարներ, պայուսակներ եւ հագուստ), սակայն այս պարագայում եւս դիզայները հորդորում է պահանել չափավորությունը.
««Բոլո» ոճը ամենաակտուալներից է, բայց այս դեպքում պարզապես տգեղ է չափն անցնելը: Երբ միասին են համադրվում ծպկավոր տաբատը, կոշիկները, պայուսակն ու բլուզը, իհարկե, գեղեցիկ լինել չի կարող»:
Դիանա Շատվերյանի փոխանցմամբ՝ նորաձեւություն են վերադարձել լայնացող տաբատները, դրանք կարող են կարված լինել ինչպես ջինսե, այնպես էլ այլ կտորներից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում