Armtimes.com-ը գրում է. Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը:
Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ:
«Ինչպես գիտեք, մենք փետրվարի 1-ից սկսում ենք դիմում-հայտերի ընդունման գործընթաց, մինչեւ մարտի 15-ը շրջանավարտները, ովքեր սովորում են դպրոցներում, կարող են դիմում-հայտեր ներկայացնել, իսկ մինչեւ ապրիլի 10-ը ճշգրտման ընթացք է, երբ երեխաները կարող են նոր դիմում-հայտ գրել կամ իրենց տվյալներում փոփոխություն կատարել: Այս գործընթացը արդեն ավարտվել է, այժմ բազայի մշակման գործընթացն է իրականացվում, որից հետո, ճշգրտելով վերջնական թվերը, դրանք ներկայացնելու ենք նաեւ Անգլիա՝ մեր գործընկեր տպարանին, որպեսզի մինչեւ մայիսի 20-ը ստանանք պատրաստի թեստերը եւ ուղարկենք համապատասխան բանկային մասնաճյուղեր՝ մինչեւ քննությունները պահպանելու համար»,- մեր զրուցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:
Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատությամբ պակաս է շուրջ 1500-ով: ԳԹԿ տնօրենի խոսքով՝ պատկերը անսպասելի չէ, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է դիմորդների ավելի փոքր թիվ: Դա պայմանավորված է տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտելու է 2017-ին, մյուսը՝ 2018-ին:
Հետաքրքրվեցինք՝ դեռեւս չի՞ քննարկվում միասնական քննությունների թեստերը Հայաստանում տպագրելու հնարավորության հարցը եւ Անգլիայում դրանք տպագրելը դեռ համարվում է արտահոսքից խուսափելու լավագո՞ւյն միջոցը:
«Ռիսկի գնալ՝ Հայաստանում տպագրություն կազմակերպելու համար, չգիտեմ, գուցեեւ հնարավոր լինի, գուցեեւ կարելի է այդ հարցը քննարկել, բայց միեւնույն է, այնտեղ տեխնիկական շատ պայմաններ կան, որ մեր տպարանները կարող է եւ չկարողանան ապահովել: Խոսքը վերաբերում է այդ փաթեթավորումներին, ամեն ինչը այդ որակի պատրաստելուն եւ ուղարկելուն: Եթե այդպիսի առաջադրանք մեզ տրվի կամ եթե ռեալ ինչ-որ բան լինի, այն ժամանակ կտեսնենք: Ամեն դեպքում, այսպես բավական ապահով է»,- պատասխանեց ԳԹԿ տնօրենը:
Թեստերը կազմվելու են շտեմարանների հիման վրա՝ բացառությամբ մի քանի առարկաների, որոնց դեպքում շտեմարաններ չկան: Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենը հիշեցրեց այն փոփոխությունները, որոնք իրականացվել են թեստերում՝ դիմորդներին առաջադրանքներն անգիր անելուց հնարավորինս զերծ պահելու նպատակով. «Անցած տարվանից բնագիտական առարկաների դեպքում մենք իրավունք ենք տվել խնդիրների մեջ թվային արժեքները փոփոխելու: Իսկ այս տարի «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բովանդակության մեջ կա հետեւյալ փոփոխությունը, որ եթե մենք շտեմարանում ունենք ենթադրենք տասը կամ հարյուր առաջադրանք, որոնք ստուգում են «գ»-«ք»-ի ուղղագրությունը, թեստում այդ առաջադրանքներից կարող է ստեղծվել հավաքածու առաջադրանք»:
քննությունների ֆինանսական կողմը
Միասնական քննություններից յուրաքանչյուրին մասնակցելու համար դիմորդներից գանձվում է 1500 դրամ: ԳԹԿ-ից փորձեցինք պարզել, թե սա նշանակո՞ւմ է, որ պետական բյուջեից քննական գործընթացը չի ֆինանսավորվում եւ անհրաժեշտ ծախսերը դիմորդներն են հոգում:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում


