ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացմանը: «Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների՝ հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիների փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում: Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը հատկապես պայմանավորված է հողային և ջրային ռեսուրսների, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների հնարավորությունների ոչ արդյունավետ օգտագործմամբ, ինչն անթույլատրելի է որգեգրված գյուղացիական տնտեսությունների զարգացման ծրագրերի պայմաններում»,- նշեց վարչապետը:
Վերջինս էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց վերոնշյալ տվյալները ստանալուն պես երկու ամսում շահագրգիռ մարմինների հետ համատեղ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման համակարգերի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Խնդիրն ինձ թվում է ՝ շատ պարզ է ձեւակերպված, մենք այստեղ շատ-շատ անելիք ունենք, իրականում այն ծրագրերը, որոնք նախատեսում ենք գյուղատնտեսության ոլորտում կիրառել, օգտագործել, ապագա չունեն, եթե մենք այս խնդիրը ֆունդամենտալ չլուծենք: Եթե հիշում եք՝ մենք ջրային ստրատեգիայի վերաբերյալ ունենք հանձնարարություն՝ փոքր եւ միջին ջրամբարների կառուցման առումով, պետք է հստակ ջրային կոմիտեի առջեւ ձեւակերպել հանձնարարականը եւ սահմանել մաքսիմալ հսկողություն»:
Կառավարությունում քննարկված այլ հարցերը՝ ստորև ներկայացված տեսանյութերում.


